Երևանի քաղաքապետարանի ճեմասրահում բացվել է հաշմանդամություն ունեցող անձանց ստեղծագործությունների ցուցահանդեսը

17:50 • 12.12.14

Երևանի քաղաքապետի նախաձեռնությամբ Հաշմանդամների միջազգային օրվան նվիրված միջոցառումների շրջանակում քաղաքապետարանի ճեմասրահում բացվել է հաշմանդամություն ունեցող անձանց ստեղծագործական աշխատանքների ցուցահանդեսը:

 

Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։


Միջոցառմանը ներկա է գտնվել նաև քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ով շրջել և ծանոթացել է ներկայացված աշխատանքներին, զրուցել ցուցահանդեսի մասնակիցների հետ: Քաղաքապետը մեկ անգամ ևս վստահեցրել է, որ շահագրգիռ հասարակական կազմակերպությունների հետ համագործակցությունն առաջիկա տարիներին ևս լինելու է շարունակական, և նախանշված բոլոր ծրագրերը հետևողականորեն շարունակվելու են այնքան ժամանակ, մինչև իրականություն դառնա այն ամենը, ինչն անհրաժեշտ է իսկապես  մատչելի քաղաք ունենալու համար:


Հաշմանդամների միջազգային օրվա կապակցությամբ հաշմանդամություն ունեցող անձանց ստեղծագործական ցուցահանդեսը Երևանի քաղաքապետարանում պատշաճ կազմակերպելու, ինչպես նաև ցուցահանդեսին ակտիվ մասնակցելու համար, կազմակերպիչներն ու մասնակիցները պարգևատրվել են Երևանի քաղաքապետի պատվոգրերով ու շնորհակալագրերով: Հարկ է նկատել, որ Երևանի քաղաքապետարանը, համագործակցելով Արվեստների ազգային ակադեմիայի հետ, նաև հոգում  է հաշմանդամ 14 ուսանողների ուսման վարձի խնդիրը: 


Ցուցահանդեսի բացմանը հաջորդել է նաև համերգային ծրագիր: Իրենց կատարումներով ներկաներին ողջունել են հաշմանդամություն ունեցող անձանց «Փարոս» երգչախումբը և անհատ կատարողներ: