Օմսկում դեղատան աշխատակցուհին 8.4 մլն ռուբլի է գողացել

15:30 • 12.12.14

Օմսկում գտնվող «Սեմեյնայա» դեղատան հաշվապահը 2013-ին 4 ամսվա ընթացքում դեղատնից յուրացրել է 8.4 միլիոն ռուբլի, գրում է news.mail.ru-ն։


40-ամյա Յուլյա Սպատինան տնօրենի բացակայության ժամանակ երկու ընկերությունների հաշվեհամարներին դեղատան դրամական միջոցներից գումար է փոխանցել՝ առանց տոկոսի վարկի տեսքով։ Այնուհետև ընկերությունների ներկայացուցիչներին որոշ գումար «նվիրաբերելով» կանխիկացրել է փոխանցված գումարը։


Գողացված դրամական միջոցներով կինն իր համար բնակարան է ձեռք բերել Օմսկի կենտրոնում, ինչպես նաև ավտոմեքենա և քաղաքի արվարձաններից մեկում սեփական տուն։


Երբ ղեկավարությունը նկատել է գումարի կորուստը, կինը փորձել է փախուստի դիմել, սակայն ոստիկաններին հաջողվել է նրան ձերբակալել։


Յուլյա Սպատինան այժմ ստիպված կլինի բանտում անցկացնել 3,5 տարի։ Սակայն նա այդպես էլ իր մեղքը չի ընդունել։