Պահանջում ենք շուտափույթ բացահայտել. «Ժառանգության» հայտարարությունը ազատամարտիկներին ու Արամ Մանուկյանին ծեծի ենթարկելու վերաբերյալ

12:30 • 12.12.14

ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցությունը մի խումբ ազատամարտիկների և ԱԺ պատգամավոր Արամ Մանուկյանին ծեծի ենթարկելու առնչությամբ հայտարարությամբ է հանդես եկել։


«Ինչպես հայտնի է, օրերս դեռևս անհայտ անձանց կողմից ծեծի են ենթարկվել ազատամարտիկներ Մանվել Եղիազարյանը, Ռազմիկ Պետրոսյանը, Սուրեն Սարգսյանը և Ազգային ժողովի«Հայ ազգային կոնգրես» խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը:  


Հատկանշական է, որ տուժողները ընդդիմանում են իշխանությունների այսօրվա քաղաքական կուրսին՝ լինելով կա՛մ եռյակի ներկայացուցիչներ, կա՛մ պաշտպանելով եռյակի քաղաքական ուղեգիծը:


Խստագույնս դատապարտելով տեղի ունեցածը՝ պահանջում ենք շուտափույթ բացահայտել և պատժել մեղավորներին, հակառակ պարագայում սա կարելի է համարել իշխանությունների կողմից հովանավորվող կամ նրանց թելադրանքով իրականացված ոտնձգություն իրենց խոսքն ազատ արտահայտող քաղաքացիների նկատմամբ:


Կատարվածի ողջ պատասխանատվությունը կրում են օրվա իշխանությունները»: