ԱՄՆ-ի հնդկացիներին թույլ են տվել մարիխուանա աճեցնել
ԱՄՆ-ում բնակվող հնդկացիական ցեղերին թույլ են տվել իրենց հողատարածքներում մարիխուանա աճեցնել ու վաճառել։ Ինչպես հայտնում է lenta.ru-ն, այս մասին տեղեկացրել է Միացյալ Նահանգների արդարադատության նախարարությունը:
Նշվում է, որ ցեղախմբերի միայն փոքր մասն է հետաքրքրվել թմրանյութի աճեցմամբ ու վաճառքով: Օրեգոն նահանգի գլխավոր դատախազ Ամանդա Մարշալի խոսքով՝ դրանք են Կալիֆոռնիայում, Վաշինտոնում, Միջին Արևմուտքում բնակվող հնդկացիները:
Ներկայում մարիխուանայի օգտագործումը բժշկական նպատակներով թույլատրված է ԱՄՆ-ի 50 նահանգից 20-ում: Իսկ դաշնային մակարդակով մարիխուանայի օգտագործումն ու պահումը շարունակում է հանցանք համարվել: Նախագահ Բարաք Օբամայի վարչակազմը հայտարարել է, որ ամեն նահանգ իրավասու է սեփական քաղաքականությունը վարել տվյալ հարցի շուրջ:
Աղբյուրը հավելում է, որ այժմ ԱՄՆ-ում բնակվում է 2.85 մլն հնդկացի, ովքեր միավորվել են 562 ցեղախմբերում:










