Մալաթիայում երեկ 39-ամյա տղամարդուն հրազենային վնասվածք հասցրած անձը բերման է ենթարկվել
Մալաթիայում երեկ կրակոցներ արձակած անձը բերման է ենթարկվել. այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից։
Հիշեցնենք, որ հիվանդանոցից ոստիկանության Մալաթիայի բաժնում դեկտեմբերի 11-ին, ժամը 13.15-ին հաղորդում էր ստացվել, որ «որովայնի շրջանի ձախ հատվածի հրազենային վնասվածք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 1975 թ. ծնված Ստեփան Ա.-ն, որը հայտնել է, որ վնասվածքը ստացել է Մալաթիայից դեպի Ախպարաշեն տանող ճանապարհին:
Ըստ բժշկի տեղեկանքի՝ Ստեփան Ա.-ն ի վիճակի չի եղել հաղորդում տալու: Նշանակվել է ԴԲՓ:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Մալաթիայի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, օպերատիվ տվյալներ են ստացվել, որ նույն օրը, ժամը 12.00-ին, Հաղթանակ թաղամասի 8-րդ փողոցի վերջնամասում գտնվող գերեզմանատան տարածքում, վիճաբանության ժամանակ, դեռևս չպարզված տեսակի հրազենով Ստեփան Ա.-ի ուղղությամբ կրակոց է արձակել 1977 թ. ծնված Շիրակ Ա.-ն, որը ժամը 22.40-ին իր բնակարանից բերման է ենթարկվել բաժին:
Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործության գործիք հրազենը հայտնաբերելու ուղղությամբ:









