Էդվարդ Նալբանդյանն այսօր հանդիպել է լատվիացի իր գործընկերոջը

14:24 • 12.12.14

ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր հանդիպել է աշխատանքային այցով Երևան ժամանած Լատվիայի արտաքին գործերի նախարար Էդգարս Ռինկևիչին: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայության հետ կապերի վարչությունից։


Ողջունելով հյուրին` նախարար Նալբանդյանը կարևորել է պարբերական քաղաքական երկխոսությունը` Հայաստանի և Լատվիայի միջև, որը նպաստում է երկկողմ փոխգործակցության համակողմանի զարգացմանը։ 


Շնորհակալություն հայտնելով Երևան այցելելու հրավերի և ջերմ ընդունելության համար՝ նախարար Ռինկևիչն ասել է, որ Լատվիան հավելյալ քայլեր է գործադրելու` բարեկամ Հայաստանի հետ հարաբերությունների հետագա ընդլայնման ուղղությամբ։


Զրույցի ընթացքում նախարարներ Նալբանդյանն ու Ռինկևիչը գոհունակությամբ նշել են, որ Հայաստանի և Լատվիայի միջև հարաբերությունները վերջին շրջանում դինամիկ զարգանում են. անցած տարիների ընթացքում տեղի են ունեցել երկու երկրների Նախագահների, ինչպես նաև արտաքին գործերի նախարարների փոխադարձ այցելություններ, մի շարք հանդիպումներ միջազգային համաժողովների շրջանակներում:

 

Էդվարդ Նալբանդյանն ու Էդգարս Ռինկևիչն անդրադարձել են բարձրաստիճան փոխայցելությունների կազմակերպման, երկու երկրների միջև քաղաքական, տնտեսական, մշակութային և կրթական բնագավառներում հարաբերությունների զարգացման, իրավապայմանագրային դաշտի ընդլայնման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերին։


Բանակցությունների օրակարգում են արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև պարբերական խորհրդատվությունները, միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցությունը:


Հանդիպմանն անդրադարձ է կատարվել երկու երկրների խորհրդարանների միջև փոխգործակցությանը։


Երկուստեք նշվել է, որ վերջին շրջանում առավել ընդլայնվել է Հայաստանի և Լատվիայի միջև իրավապայմանագրային դաշտը և կարևորվել է նոր համաձայնագրերով դրա համալրումը։


2015թ. առաջին կեսին Եվրոպական միությունում Լատվիայի նախագահության համատեքստում քննարկվել է Հայաստան - Եվրոպական միություն համագործակցությունը:


Նախարարական հանդիպման օրակարգում էին առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման հարցերը: Այդ առումով կարևորվել է գործարար համաժողովների կազմակերպումը։

Էդվարդ Նալբանդյանը լատվիացի գործընկերոջը ներկայացրել է ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների կողմից գործադրվող ջանքերը, Ադրբեջանի զինուժի կողմից Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի` ուսումնավարժական թռիչք իրականացնող ուղղաթիռի խոցման հետևանքով ստեղծված իրավիճակը։


Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային արդի խնդիրների՝ ուկրաինական ճգնաժամի, Միջին Արևելքում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ։