ԱՄՆ-ում ոստիկանը մթերք է գնել մի կնոջ համար, ով բռնվել էր ընտանիքին կերակրելու համար գողություն անելիս (լուսանկարներ)
ԱՄՆ-ի Ալաբամա նահանգի Տերենտ քաղաքում 47-ամյա Հելեն Ջոնսոնը խանութից ձու է գողացել, քանի որ գումար չի ունեցել այն գնելու համար, և այդ պահին բռնվել է խանութի աշխատակիցների կողմից։ Սակայն դեպքի վայր ժամանած ոստիկանը կնոջը ձերբակալելու փոխարեն ձվեր է գնել և տվել նրան, գրում է npr.org-ը։
Կնոջ խնամքի տակ են գտնվում երկու դուստրերը, զարմիկը և 1 և 3-ամյա երկու թոռները։ Նա չի կարողանում բոլորին կերակրել և հուսահատությունից իր կյանքում առաջին անգամ գողություն է արել և բռնվել։
Հելեն Ջոնսոնը պետությունից ամսական 120 դոլարի չափով օգնություն է ստանում և մի կերպ «ծայրը ծայրին հասցնում», իսկ այս ամիս նա կորցրել է իր վճարային չեքը և մնացել առանց փողի։
Պատմությունն արագորեն տարածվել է ԶԼՄ-ներով, և մի շարք մարդիկ հագուստ, սնունդ և գումար են նվիրաբերել կնոջը և շնորհակալության խոսքեր հղել ոստիկանության սպա Ուիլյամ Սթեյսիին։
Սթեյսին իր հերթին ասել է, որ նա կնոջը հարգում և հասկանում է, քանի որ ինքը մեծացել է մի ընտանիքում, որտեղ իր մայրը դժվարությամբ է կերակրել բոլորին, և այդ պահին նա պարզապես արել է այն, ինչ կաներ յուրաքանչյուր բարեխիղճ ոստիկան։










