Եթե իրոք Թուրքիայի դրոշն է, դա գռեհիկ քայլ է. Զ. Սարգսյանը` «Փարաջանովի հետադարձ լույսը» ցուցահանդեսում աչքի ընկած կոլաժի մասին
Ազգային ժողովի նիստերի դահլիճին կից սրահում ներկայացված՝ «Փարաջանովի հետադարձ լույսը» ցուցահանդեսում աչքի է ընկնում մի աշխատանք, որտեղ ներկայացված է Թուրքիայի դրոշը և դրոշի վրա քայլող «եռագույն» կոշիկներ։
Նշենք, որ Ազգային ժողովում ցուցադրվում են բացառապես երեխաների այն ստեղծագործությունները, որոնք, արժանանալով ժյուրիի բարձր գնահատականին, իրենց տեղն են գտել խորհրդարանում:
Փարաջանովի թանգարանի տնօրեն Զավեն Սարգսյանից հետաքրքրվեցինք, թե ի՞նչ սկզբունքով է այս նկարը տեղ գտել ցուցահանդեսում։ Տնօրենն ինքն էլ զարմացավ նման բովանադակությամբ նկարի համար։
«Ինքը շատ թույլ գործ է, ինքս կախել, նայել եմ, ու ոչ մի այդպիսի բան չեմ զգացել, ոչ մի բան, որովհետև եթե իրոք Թուրքիայի դրոշն է, դա գռեհիկ քայլ է։ Չի կարելի, որ մշակույթն էլ ձուլեն քաղաքականությանը՝ Թուրքիա, Ադրբեջան, չի կարելի, եկեք մեր մասին խոսենք»,-նշեց ցուցահանդեսը նախաձեռնած թանգարանի տնօրենը։
Զավեն Սարգսյանը նկատեց, որ ոչ մի դեպքում չի կարելի Փարաջանովի արվեստի հետ նման զուգահեռներ տանել։ «Փարաջանովի արվեստը բարություն ու գեղեցկություն է քարոզում ու նաև ճաշակ է զարգացնում։ Ես այս գործը երբեք դրոշ չեմ ընկալել, որովհետև դրոշն ունի իր չափերը, իսկ սա այդ չափերի մեջ չի տեղավորվում, սա շատ թույլ է»,-ասաց նա և խնդրեց ավելի շատ ուշադրություն դարձնել փարաջանովյան շունչ կրող շատ ավելի արժանի նկարների ու կոլաժների։










