Ջեմալ Փաշայի թոռան հետ բանավեճը քաղաքակիրթ պայմաններում կլիներ, եթե կարողանայինք հարցեր տալ նրան. Ռուբեն Մելքոնյան
Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից Ջեմալ փաշայի թոռան՝ Հասան Ջեմալի հետ «Սիվիլիթաս» հիմնադրամի կազմակերպած հանդիպման ժամանակ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ Tert.am-ը զրուցեց գրքի թարգմանիչ՝ ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի փոխդեկան, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանի հետ։ Վերջինս ասում է, թե հանդիպումից երկու օր այդ կազմակերպչական հարցերը հստակ չէին, այսինքն՝ դեռ հստակ չէր՝ լինելո՞ւ է արդյոք գրքի շնորհանդեսը,թե ոչ, հստակ չի եղել նաև ձևաչափը և մասնակիցների ցանկը։
Նշենք, որ Հասան Ջեմալի «1915-Հայոց ցեղասպանություն» գրքի թարգմանիչ, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը միջոցառման ժամանակ դժգոհել էր, որ գիրքը հրատարակող «Հրանտ Դինք» հիմնադրամը գրքից հեռացրել է թարգմանչի տողատակերը:
«Որքան էլ մեծ լիներ իմ զարմանքը, ես այդ գրքի թարգմանիչն էի և ընդհանրապես հրավիրված էլ չէի: Կազմակերպիչները հարկ չէին էլ համարել ինձ հրավիրել: Չգիտեմ, թե դա ում ֆունկցիան էր, որովհետև «Հրանտ Դինք» հիմնադրամը և Դինքի եղբայրն ասում էր, որ պատասխանատուն «Սիվիլիթաս» հիմնադրամն է, «Սիվիլիթաս»-ն ասում է, որ իրենք չեն»,- Tert.am-ի հետ զրույցում ասաց թուրքագետն՝ ավելացնելով, թե «Սիվիլիթասի» աշխատակիցը զանգահարել է իրեն և խնդրել է, որ ինքը նաև միջոցառմանը ուսանողներ ապահովվի՝ չիմանալով կամ մոռանալով, որ առաջին հերթին պետք է նախ իրեն հրավիրել:
«Շատ հետաքրքիր կլիներ, եթե այդ բանավեճը քաղաքակիրթ պայմաններում լիներ, ինչը չստացվեց: Ամենակարևոր թերացումն այն էր, որ մեր՝ բանավեճ սկսելու ցանկությունները տարբեր մարդկանց կողմից որակվեցին որպես շոու, որպես սկանդալ, իսկ իրականում մենք ցանկանում էինք ստանալ առողջ բանավեճ և չէինք ցանկանում լինել ուղղակի ունկնդրի դերում, քանի որ մենք նույնպես Ջեմալի թոռանը շատ ասելիքներ ունենք»,- նշեց Ռուբեն Մելքոնյանը:
Այդուհանդերձ, թուրքագետը մի կողմ է դնում կազմակերպչական թերացումները, քանի որ դրանց կարևորություն չի տալիս։ Նրա խոսքով՝ կարևորն այն էր, որ Ջեմալ փաշայի թոռը գար Երևան և հանդիպումն ուղեկցվեր հարց ու պատասխանով:
«Չպետք է լիներ մենախոսություն, որ Ջեմալ փաշայի 70-ամյա թոռը՝ որոշակի տարիքային սահմանափակումներով, երկարաշունչ ելույթներ ունենար՝ չհասկանալով հայ հասարակության հիմնական մտահոգությունները, ծանոթ չլինելով հայաստանյան իրականությանը: Ցանկալի կլիներ, որ նրա հետ բանավիճողը նաև որոշակիորեն հայկական իրողությունները ցույց տար և փորձեր Ջեմալ փաշայի թոռանն այդ իրողությունների համատեքստում հրավիրել զրույցի ու բանավեճի»,- ասաց Ռուբեն Մելքոնյանը:
Վերջինիս խոսքով՝ «Մոսկվա» կինոթատրոնի դահլիճում, որտեղ կազմակերպված էր միջոցառումը, հավաքված էին մեծ թվով մարդիկ, որոնց շատ հարցեր էր հետաքրքրում: «Այնտեղ ես տեսել եմ մասնագետներ և լրագրողներ, քաղաքական գործիչներ, Կիրո Մանոյանն էր այնտեղ, Րաֆֆի Հովհաննիսյանը, Մարգարիտ Եսայանը, որոնց հետաքրքիր էր այդ ամենը»,– ասաց նա:
Թուրքագետի համոզմամբ՝ կազմակերպիչները պետք է հստակ մշակեին մի սխեմա, որ ներկաներին գոնե հնարավորություն տրվեր հարցեր տալ, թեկուզ այդ ելույթները լինեին մի փոքր հուզումնալից, կոպիտ, կոշտ:
«Մենք չէինք հավաքվել Ջեմալ փաշայի թոռանը սիրաշահելու կամ գովելու, մենք հավաքվել էինք մեր խնդիրները ներկայացնելու, իսկ այդ խնդիրների մի մասը կոշտ էին, մի մասը՝ քննադատական, մի մասը՝ գովաբանական: Բայց մոտ մեկ ժամ քսան րոպե Հասան Ջեմալի գրեթե մենախոսությունը լսելուց հետո հնարավորություն չտրվեց հարցեր տալ: Նախ` թղթի վրա սկսեցին հավաքել հարցեր, բայց նույնիսկ դրանք էլ չտրվեցին, ինչը, բնականաբար, առաջացրեց մարդկանց զայրույթը»,– ասաց նա:
«Եվ ես տեսա՝ դահլիճից տարբեր մարդիկ իրենց բողոքի ձայնն արտահայտեցին, փաստորեն, ես էլ ինքնաբերաբար ներքաշվեցի այդ ամեն ինչի մեջ, մոտեցա Ջեմալին և թուրքերենով ներկայացրի այդ ամեն ինչը»,- նշեց Ռուբեն Մելքոնյանը՝ շարունակելով, թե ինքը մոտեցել է նրան և ասել, որ այդ ամենը խոսքի ազատության ոտնահարում է, քանի որ ոչ մի հարց տալու հնարավորություն չեն տալիս ներկաներին:
«Նաև ներկայացա և ասացի, որ ես եմ այդ գրքի թարգմանիչը, ես եմ նկատել և համարել, որ կարելի է այն թարգմանել՝ որոշակի հարցերի հետ համաձայն չլինելով: Հետաքրքիր էր տեսնել Թուրքիայում այդ զարգացումը, և լավ կլինի, որ մեր հասարակությունը ծանոթանա այդ գրքին, բայց ոչ թե հիացական, այլ տեսնի, որ Ջեմալ փաշայի թոռն ինչ երկակի կարծիքներ ունի, որոնց մի մասը գովելի է, մի մասը վիճելի է, մի մասն անընդունելի է: Այսինքն՝ միանշանակ գիրք չի դա, սև-սպիտակ չի, բայց Թուրքիայում Ցեղասպանության հարցի շուրջ հասարակական զարգացում ցույց տվող մի գիրք է»,- ընդգծեց նա։
Ռուբեն Մելքոնյանն ասաց նաև, թե Ջեմալ փաշայի թոռն ասել է, որ ինքը դեմ չէ հարցերին, բայց կազմակերպիչները չկարողացան դա ապահովել, որովհետև ժամը վերջացել էր, դահլիճը պետք է ազատվեր և այլն:
«Դրանից հետո սկսեցին հարցեր, ես ևս, որպես մասնագետ, իմ որոշակի բողոքը ներկայացրեցի, որովհետև մենք չէին հավաքվել ծափահարելու Ջեմալ փաշայի թոռանը: Մենք հավաքվել էինք բանավիճելու, երկխոսելու, մեր կարծիքները նույնպես ներկայացնելու: Ամենախորքային հարցն այն է, որ մեր հասարակությանը փորձում են մատուցել, թե մենք պետք է բավարարվենք զուտ ներողությամբ, պետք է երջանկանանք, որ Ջեմալ փաշայի թոռը գործածում է «Ցեղասպանություն» բառը: Դժվար է գտնել մի հրեայի, որն ուրախանա, որ գերմանացիներից մեկն օգտագործի «Հոլոքոստ» բառը և չխոսի հատուցման, փոխհատուցման մասին և դա չորակի որպես համամարդկային չարիք: Ես ուզում էի, որ այդ հունով գնար բանավեճը»,- դժգոհություն հայտնեց թուրքագետը:
Նրա խոսքով՝ այդտեղ կա նաև անձնական-մասնագիտական մի խնդիր. «Թարգմանության ժամանակ ես հարցրել էի թույլտվություն «Հրանտ Դինք» հիմնադրամից, թե կարելի է արդյոք տողատակերի տակ բացատրություններ տալ և մեկնաբանություններ անել, քանի որ հայ ընթերցողի համար շատ բաներ անծանոթ էին, թուրքական իրողություններ էին, պաշտոնյաների և գործիչների անուններ էին, որոնց հայ ընթերցողը չէր ճանաչում, և առանց բացատրություն տալու հնարավոր չէր պատկերացում կազմել: Ես այդ թույլտվությունը ստացել էի, բայց ի զարմանս ինձ, ես տեսա, որի իմ նշած մեկնաբանություններից ընտրողաբար հանվել են մի քանիսը»:
Ամենակարևոր խնդիրներից մեկը, ըստ թուրքագետի, այն է, որ Ջեմալ փաշայի թոռը նշում է, թե հայերը գրավել են Ղարաբաղը և օկուպացրել են Ադրբեջանի տարածքի 20 տոկոսը: Ռուբեն Մելքոնյանն ասում է, թե ինքն այդտեղ նշել էր, որ թարգմանիչը չի կիսում այդ կարծիքը, քանի որ դա հակասում է պատմական իրողություններին: «Հրանտ Դինք» հիմնադրամի կողմից այդ բացատրությունը հանվել է, և ինչպես թուրքագետն է ասում, նշել են, թե դա իր կողմից ազգայնամոլության դրսևորում է և հեղինակի գործերին միջամտություն:
Թուրքագետը տեղեկացրեց նաև, որ Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետում տեղի է ունեցել հանդիպում Ջեմալ փաշայի թոռան և ֆակուլտետի ուսանողության հետ:
Ջեմալ Փաշայի թոռը պատասխանել է հնչած բոլոր հարցերին. «Այդ հարցերի պատասխաններից պարզ դարձավ, որ Ջեմալ փաշայի թոռը կրում է թուրքական պետական քարոզչության տարրերը, շատ հաճախ նա լոկ, փուչ հայ-թուրքական երկխոսության կողմնակից է, ամեն կերպ խուսափում է փոխհատուցման մասին զրույցներից՝ դիվանագիտորեն նշելով, թե ինքը որպես անձ է գրել այդ գիրքը: Այսօր էլ նա փակագծերը բացեց, թե ես որպես անձ եմ գրել դա, ոչ թե որպես Ջեմալ փաշայի թոռ, ինձ մի կապեք պապիս հետ»,- ասաց Ռուբեն Մելքոնյանը:










