Apple–ի գլխավոր տնօրեն Թիմ Կուկը ճանաչվել է «Տարվա մարդ»՝ ըստ Financial Times–ի
Ամերիկյան Financial Times պարբերականը Apple ընկերության գլխավոր տնօրեն Թիմ Կուկին ճանաչել է «Տարվա մարդ», հայտնում է rosbalt.ru-ն։
Ինչպես գրում է պարբերականը՝ Կուկին հաջողվել է դուրս գալ ընկերության լեգենդար հիմնադիր Սթիվ Ջոբսի ստվերից և նոր շունչ հաղորդել Apple-ին։
Կուկի օրոք ամերիկյան ընկերությունը նոր արտադրանքներ է ներկայացրել՝ Apple Watch և Apple Pay, և վերադարձրել «նորարարության ոգին», որը, ինչպես անհանգստանում էին շատերը, մահացել էր Ջոբսի հետ։
Պարբերականը նշում է, որ ընկերության ֆինանսական հաջողությունը և նոր տեխնոլոգիաները լիովին բավական կլինեին այդ կոչումը Կուկին հանձնելու համար։ Սակայն պարբերականը հաշվի է առել նաև այն հանգամանքը, որ Կուկը խոստովանել է իր նույնասեռական լինելը։ Ըստ Financial Times-ի՝ դա շատ համարձակ քայլ է։









