Սա այցելությունների դյուրացում է նշանակում. Գագիկ Եգանյանը՝ ԱՄՆ-ի հետ վիզային ռեժիմի փոփոխության մասին

17:01 • 12.12.14

ՀՀ կառավարության հետ ԱՄՆ վիզային ռեժիմի նոր կարգի մասին համաձայնության նպատակը մուտքի արտոնագրի  երկարացումն է: Այս մասին  Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության Միգրացիոն ծառայության պետ Գագիկ Եգանյանը:

 

Ինչ վերաբերում է հարցին, թե սա արդյո՞ք չի նպաստի արտագաղթի աճի տեմպին՝ դեպի ԱՄՆ, Գագիկ Եգանյանը նշեց. «Մուտքի արտոնությունը և մշտական բնակությունը տարբեր բաներ են: Սա այցելությունների դյուրացում է նշանակում, իսկ բնակվելու դեպքում այլ ընթացակարգ,  կարգավիճակներ են լինում»:


Ինչ վերաբերում է բնակությանը, ապա Միգրացիոն ծառայության պետը նշեց, որ մարդիկ միշտ մատնանշում են օրինակ «Համերկրացիներ» ծրագիրը, սակայն այն, և նմանատիպ այլ ծրագրեր՝ դեպի  ԱՄՆ, Կանադա, արդեն ոչ թե այցելության, այլ ներգաղթի ծրագրեր են:


Նա նշեց, որ այս պահին չի կարող ասել, թե Հայաստանից դեպի ԱՄՆ մեկնածների թվում  ավելացման միտում կա՞, թե ոչ, քանի որ դրա համար պետք է ուսումնասիրություն արվի: