Բարեգործական աճուրդից հավաքագրվել է 30 միլիոն 600 հազար դրամ, որը «Ամերիա»-ն կրկնապատկելու է (լուսանկարներ)

14:26 • 13.12.14

«Ամերիա» ընկերությունների խումբը երեկ «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում կազմակերպել էր ավանդական արդեն հինգերորդ աճուրդը: Այս տարի այն կրում էր  «Սպորտը՝ կյանքի համար» խորհրդանշական անվանումը:  Բարեգործական ողջ հասույթը` կրկնապատկվելով «Ամերիա» ընկերությունների խմբի կողմից` կուղղվի քաղցկեղային, հեմատոլոգիական, իդեպաթիկ արթրիտ և հրատապ օգնություն պահանջող այլ հիվանդություններ ունեցող երեխաների բուժմանը: Միջոցառմանը մասնակցում էին  մեծանուն մարզիկներ և  գրոսմայստերներ:  Այս տարի աճուրդից հավաքագրվեց է 30 միլիոն  600 հազար դրամ, որը ինչպես նշվել է կրկնապատկվելու է «Ամերիա» ընկերությունների խումբը։


«Ամերիա» բանկի գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ նախորդ չորս տարիների ընթացքում հաջողվել է հավաքագրել 300 միլիոն դրամ, և օգնություն ցուցաբերել ավելի քան հարյուր բալիկների` փրկելով նրանց կյանքը: «Մենք մեր սոցիալական պատասխանատվության քաղաքականության ներքո աջակցում ենք ծանր հիվանդություններով հիվանդ երեխաներին: Շատ կարևոր է այս միջոցառումների պարբերաբար անցկացումը, որովհետև դա մի բան է, որը այդ երեխաներին պարզապես ապրելու հույս է տալիս: Մենք մեր պարտքն ենք համարում այդ գործում մեր ներդրումն ունենալու` մեր գործընկերների և հասարակության աջակցությամբ»,- ասաց նա և նշեց, որ ամեն տարի աճուրդը իր թեմատիկայով տարբերվում է նախորդից:


Արտակ Հանեսյանը  հայտնեց, որ  նախորդ տարի հավաքագրել էր  61 միլիոն դրամ` հաշվի առնելով «Արմենիա» բանկի ներդրումը` կրկնապատկված գումարը:


Հայտնենք, որ Մեգա Սպորտ ընկերության և Project Hope հիմնադրամի աջակցությամբ, ընդհանուր առմամբ աճուրդի հանվեց մարզիկների ստորագրությամբ 22 լոտ սպորտային իր, մասնավորապես` Արթուր Աբրահամի, Վիկ Դարչինյանի, Ռոնդա Ռուզիի, Օսկար Դե Լա Հոլայի, Ալեքսանդր Միսկիրտչյանի բռնցքամարտի ձեռնոցներ, Յուրի Ջորկայեֆի, Հենրիխ Մխիթարյանի,  Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ստորագրությամբ ֆուտբոլի գնդակներ, սպորտային շապիկներ` Մանչեստր Սիթի ֆուտբոլային ակումբի, Մարկոս Պիցցելիի, Անդրես Ինիեստայի, Արթուր Սարկիսովի, Լևոն և Արսեն Ջուլֆալակյանների, Ռոման Բերեզովսկու ստորագրությամբ, Զինեդին Զիդանի, Պելեի, Մարադոնայի, Ուսեին Բոլտի, Կրիստիանո Ռոնալդոյի բացառիկ նկարներ` կատարված խաղի ընթացքում:


Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի աշխատակցուհի Հենրիխ Մխիթարյանի մայրը`  Մարինա Թաշյանը, շատ կարևորեց նման միջոցառումները և նշեց, որ Հենրիխը, երբ ազատ ժամանակ է ունենում,  այցելում է մանկատներ և աջակցություն է ցուցաբերում:


«Սուրբ Աստվածամայր»  բժշկական կենտրոնի տնօրեն Նիկոլայ Դալլաքյանը ներկայացրեց, որ իրենց բժշկական կենտրոնում տարեկան մոտավորապես 9-10 հազար երեխա է ստացիոնար բուժօգնություն ստանում  և կենտրոնը հանդիսանում է անհետաձգելու օգնություն ցուցաբերող բժշկական կենտրոնը: Նա նշեց, որ տեխնիկապես բավականին հագեցած է հիվանդանոցը: «Այսօր ռեանիմացիայում գտնվում են 25 երեխա,  և ամենափոքր երեխայի քաշը` 900 գրամ է»,- ասաց նա:


Նա հայտնեց, որ  «Ամերիա» ընկերությունների խումբը  այս տարի` Նոր տարվա նախաշեմին բժշկական կենտրոնին արհեստական շնչառության ապարատ է նվիրել, որը լավագույններից է: