Ջեմալ փաշայի թոռան մոտեցումները վիրավորական են հայ ժողորդի համար. ASALA-ի մարտիկ
Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի (ՀԱՀԳԲ-ASALA) մարտիկ Ալեք Ենիգոմշյանը ծանոթ է Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից Ջեմալ փաշայի թոռան՝ Հասան Ջեմալի մասին վերջին տարիներին պաշտոնական Թուրքիայի տեսակետից տարբերվող տեսակետներին: Ծանոթ չէ նրա «1915-Հայոց ցեղասպանություն» գրքի բովանդակությանը, որը ներկայացվել էր Երևանում, սակայն տեղեկացել է, որ թուրք հեղինակի գրքում Ասալան ներկայացվել է որպես տեռորիստական կազմակերպություն, ապա գրքի շնորհանդեսին իր պապին՝ Ջեմալ փաշային սպանած հայ մարտիկներին կոչել է ավազակախումբ, ինչպես նաև` այդ միջոցառման ժամանակ պարադոքսալ է համարել Ասալան:
«Այս բոլոր մոտեցումները, բնականաբար, ավելորդ է ասել, որ իրականության հետ բացարձակ կապ չունեն, վիրավորական են հայ ժողովրդի համար և մերժելի: Ասալան անհամատեղելի է ավազակություն բառի հետ: Մարդկության դեմ ոճիր գործածներին վերացնելը մարդկության կողմից պետք է ողջունվի»,-Tert.am-ի հետ զրույցում ասաց նա՝ նկատելով, որ միջազգային հանրությունն իրավական հարթության վրա այդ մարդկանց պատիժը պետք է տար. «Եթե չի արել, ապա ազատության մարտիկների կոչն է այդ պարտականությունը»:
Ալեք Ենիգոմշյանը նշեց, որ կարիք չկա ևս մեկ անգամ ասել, որ Ասալայի պայքարը չէր կարող ահաբեկչություն համարվել: Եթե կա խաղաղ ճանապարհով պահանջին հասնելու տարբերակ, սակայն մարդը չի օգտվում, դա կարող է համարվել ահաբեկչություն:
«Մեր դատը ճանաչելի դարձնելու համար հայ ժողովուրդը Սփյուռքում սպառել էր բոլոր խաղաղ միջոցները, և եթե հայ երիտասարդությունը դիմել է զենքի ուժին, դա միանգամայն արդարացի է: Եթե խաղաղ միջոցների առաջ ճանապարհները փակում են, ուրեմն` իրենք են մղում զենք վերցնելուն: Պետք է մեղադրել հենց այդ ճանապարհները փակողներին: Ես ցավում եմ, որ ստիպված եմ այս բացատրությունները տալ հերթական մի որակման առիթով, սակայն այս առումով ես անընդունելի եմ համարում Հասան Ջեմալի արտահայտությունները»,-ասաց Ասալայի մարտիկը:
Վերջինս նաև նշեց, թե հավատում է, որ հայ և թուրք ժողովրդի միջև այդ բացը կլրացվի: Եվ որպեսզի դա լինի, թուրքերն այդ բաց տարածության 95%-ը պետք է զիջեն և առավելագույնը` 5%-ը հայերը պետք է զիջեն. «Այդ քայլերը, որոնք մի քանի թուրքերի կողմից արվել են, ընդամենը շատ չնչին տոկոսն են: Հիմա ցավալին այն է, որ որոշ հայեր երբ տեսնում են, որ թուրքերի կողմից շատ փոքր խորհրդանշական քայլեր կան, չափից շատ են խանդավառվում և գտնում են, որ թուրքերը շատ կարևոր քայլ են արել: Ես այնքան չեմ մեղադրում հասանջեմալներին, որքան հայանուն որոշ կողմերի, որոնք ուզում են ծածկված համարել հայերի և թուրքերի միջև այդ հեռավորությունը և դրանով սակարկում են հայ ժողովրդի արժանապատվությունը»:
Ալեք Ենիգոմշյանի համոզմամբ՝ անընդհատ պետք է աշխատել, որ թուրքերի կողմից ընդառաջ քայլեր լինեն, դրանք պետք է ողջունել, բայց չհամարել բավարար:










