Ադրբեջանցի իրավապաշտպան Ռասուլ Ջաֆարովին նոր՝ ավելի ծանր մեղադրանքներ են ներկայացվել

12:05 • 13.12.14

Ադրբեջանում կալանավորված իրավապաշտպան Ռասուլ Ջաֆարովին նոր մեղադրանք է ներկայացվել։ Ինչպես հայտնում է contact.az-ը՝ Turan-ին հղումով, իրավապաշտպանին ներկայացվել է կեղծում և յուրացում հոդվածներով մեղադրանք։

 

Այս մեղադրանքներով նրան սպառնում է 12 տարվա ազատազրկում։

 

Հիշեցնենք, որ Ջաֆարովը ձերբակալվել է օգոստոսի 2-ին ՝ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելու, հարկերից խուսափելու և լիազորությունները չարաշահելու մեղադրանքով։ Հոկտեմբերի 23-ին նրա կալանքի ժամկետը երկարաձգվել է ևս 3 ամսով։ Amnesty İnternational իրավապաշտպան կազմակերպությունը նրան «խղճի բանտարկյալ» է ճանաչել։

 

Վերջին շրջանում Ադրբեջանում հաճախակիացել են լրագրողների, իրավապաշտպանների նկատմամբ ճնշումներն ու հետապնդումները։ Մի շարք եվրոպական կառույցներ քննադատում են Ադրբեջանի իշխանությունների վարած քաղաքականությունը և պահանջում անհապաղ ազատ արձակել կալանքի տակ պահվող լրագրողներին ու իրավապաշտպաններին։