Վաշինգտոնում բողոքի ակցիա է անցկացվել ոստիկանության կողմից սպանությունների դեմ (լուսանկարներ)
Հազարավոր մարդիկ բողոքի ակցիա են անցկացրել ԱՄՆ-ի մայրաքաղաք Վաշինգտոնում ոստիկանության կողմից անզեն սևամորթ քաղաքացիների կամայական սպանությունների դեմ, գրում է BBC News-ը։
Ոստիկանների կողմից Ֆերգյուսոն քաղաքում սպանված Մայքլ Բրաունի և Նյու Յորքում սպանված Էրիկ Գարների բարեկամները ևս մասնակցում էին ցույցին։
Երկուսն էլ մահացել են ոստիկանների ձեռքով, սակայն, նրանց նկատմամբ որոշում է կայացվել մեղադրանք չառաջադրել, որը առաջացրել է հանրության զայրույթը և դժգոհությունը։
Նյու Յորքում ևս խաղաղ ցույց է անցկացվել, որին, չնայած ցուրտ եղանակին, մասնակցելու էին եկել հազարավոր մարդիկ։
Բողոքի ցույցեր են անցկացվում նաև ԱՄՆ-ի այլ քաղաքներում սպիտակամորթ ոստիկանի արդարացման դատական որոշման կապակցությամբ. ոստիկան Դարեն Ուիլսոնը Ֆերգյուսոն քաղաքում մի քանի անգամ կրակել է ձեռքերը վեր պարզած սևամորթ դեռահաս Մայքլ Բրաունի վրա՝ սպանելով նրան, որից հետո դատարանը վերջերս նրան անմեղ է ճանաչել։






















