ԱԺ արտահերթ նիստն ընդհատվեց 20 րոպե ընդմիջումով

13:02 • 15.12.14

ԱԺ արտահերթ նիստն  ընդհատվեց 20 րոպե ընդմիջումով, որը վերցրեց «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:


Մինչ այդ, «Բարգավաճ Հայաստան»  խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ «քանի որ երկրում բեսպրեդել է, երբ կարող են ազատամարտիկ ծեծել, երբ «հայրենասեր» մեկը կարող է բռնություն գործադրել ՀԱԿ խմբակցության քարտուղար  Արամ Մանուկյանի վրա, ապա ԲՀԿ-ն պահանջում է մինչև արտահերթի օրակարգին անցնելը  ընդհատել այն,  հրավիրել նիստ, որում հարկ է  քննարկել  երկրում ստեղծված իրավիճակը: Այլապես ԲՀԿ-ն կբոյկոտի այս արտահերթ նստաշրջանը»:


«Խորհրդարանի բոլոր քաղաքական ուժերի կողմից հարկ է հստակ գնահատական տալ ազատամարտիկների նկատմամբ կատարված բռնություններին»,- հայտարարեց Նաիրա Զոհրաբյանը:


ԱԺ «Օրինաց երկիր» խմբակցության անունից ևս  Հեղինե Բիշարյանը դատապարտեց բռնությունների դեպքերը, և նշեց, որ ազատամարտիկներին պետք է փայփայել, ոչ թե ծեծել:


Ընդմիջման ավարտից հետո ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հայտարարեց, որ  խորհրդակցել է խմբակցությունների հետ և եկել են եզրահանգման, որ նման դատապարտող տեքստի անհրաժեշտություն կա:


Բայց արտահերթ նիստը, որ առաջարկվել էր անցկացնել այս հարցով, ԱԺ նախագահի գնահատմամբ օրենքների քննարկման հետ ոչ մի կապ չունի, հետևաբար՝ կարող է հրավիրվել ժամը 6-ից հետո: