Ստրասբուրգում այսօր մեկնարկում է Եվրախորհրդարանի՝ այս տարվա վերջին լիագումար նիստը
Դեկտեմբերի 15-ին ֆրանսիական Ստրասբուրգում մեկնարկում է Եվրախորհրդարանի՝ այս տարվա վերջին լիագումար նիստը, հայտնում է itar-tass.com-ը:
Նշվում է, որ քննարկվելիք գլխավոր թեմաների թվում են Պաղեստինի ճանաչումն ու Վրաստանի հետ Ասոցացման համաձայնագրի վավերացումը:
Ըստ ամենայնի՝ խորհրդարանը հավանության կտա փաստաթղթի վավերացմանը հինգշաբթի: Կառույցի ներկայացուցիչները հիշեցրել են, որ սա կլինի 3-րդ նմանատիպ հաստատված փաստաթուղթը. ավելի վաղ հաստատվել են Ուկրաինայի ու Մոլդովայի հետ Ասոցացման համաձայնագրերը:
Աղբյուրը հավելում է, որ Պաղեստինի ճանաչման վերաբերյալ քննարկումները կկայանան չորեքշաբթի: Թեև կառույցն իրավասու չէ ճանաչել կամ չճանաչել Պաղեստինը որպես պետություն, այնուհանդերձ սպասվելիք քվեարկությունը խորհրդանշական ազդակ կլինի ԵՄ մյուս անդամ պետությունների համար, որպեսզի նրանք գործի անցնեն:
Բացի այդ, նույն օրը կայանալու է ԵՄ-ի` եկող տարվա բյուջեի շուրջ քվեարկությունը:
Եվրախորհրդարանի ընթացիկ նիստը կավարտվի դեկտեմբերի 18-ին:










