Սիդնեյի սրճարաններից մեկում պատանդ վերցրած ահաբեկիչները պահանջում են, որ իրենց հետ զրուցի անձամբ վարչապետը (թարմացված, լուսանկարներ)
11.22 Սիդնեյի կենտրոնում գրոհայինների գրաված սրճարանից ևս 2 հոգի է փախել, հայտնում է ABC News-ը։
Նշվում է, որ փախել են Lindt շոկոլադի գործարանի խանութ-սրճարանի 2 աշխատակցուհիներ։
9.36 Զինված իսլամիստները պատանդ են վերցրել Սիդնեյի կենտրոնում գտնվող Lindt Chocolate սրճարանի այցելուներին։ Վերջին տվյալներով՝ նրանց մոտ է գտնվում մոտ 40 մարդ՝ սրճարանի աշխատակիցներն ու այցելուները, հայտնում է Комсомольская правда-ն։
Գրոհայինները, որոնք սրճարանում առնվազն 2-ն են, վստահեցնում են, որ պայթուցիկ սարքեր են տեղադրել ամբողջ Սիդնեյում։ Նրանք պահանջում են նաև, որ իրենց հետ կապ հաստատի երկրի վարչապետ Թոնի Էբոթը։
Մի քանի պատանդ կանգնած է սրճարանի պատուհանների մոտ՝ խանգարելով ոստիկանությանը տեսնել, թե ինչ է կատարվում ներսում։ Իսլամիստները ստիպել են նրանց բռնել սև ու սպիտակ դրոշ արաբերեն գրառումներով, դրոշը նման է «Իսլամական պետություն» խմբավորման դրոշին։
Այս մարդկանց կապն ԻՊ-ի հետ դեռ ապացուցված չէ, սակայն տեղական ԶԼՄ-ները նշում են, որ խմբավորման ահաբեկիչներն արդեն սպառնացել են Ավստրալիային՝ սպանություններ և ահաբեկչություններ իրականացնել։
ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ սրճարանից հաջողվել է փախչել 1 աշխատակցի և 2 այցելուի։ Նրանք փախել են սրճարանի ետևի դռնից։ Դեռևս պարզ չէ՝ արդյոք դա եղել է փախուստ, թե նրանց բաց են թողել ահաբեկիչները։

































