21-րդ դարի «Մետաքսի ճանապարհը». չինական գնացքն իրականացրել է աշխարհում ամենաերկար երկաթուղային ուղևորությունը
Չինական Yixin'ou բեռնատար գնացքը, անցնելով ավելի քան 13.000 կմ, ավարտին է հասցրել պատմության մեջ ամենաերկար երկաթուղային ուղևորությունը:
Ինչպես հայտնում է cnn.com-ը, ռեկորդը գրանցվել է դեկտեմբերի 9-ին: Նշվում է, որ վերջնակետ հասնելու համար Yixin'ou-ն 21 օրում առանց կանգառի անցել է 8 երկրի տարածքով:
Գնացքը ճանապարհ է ընկել նոյեմբերի 18-ին` Չինաստանից անցնելով դեպի Ղազախստան, Ռուսաստան, Բելառուս, Լեհաստան, Գերմանիա, Ֆրանսիա և այլ երկրներ: Ուղևորությունն ավարտվել է Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում:
Գնացքի 30 վագոնները տեղափոխել են խաղալիքներ, գրենական պիտույքներ և այլ իրեր: Իսկ հետդարձի ճանապարհին գնացքը տեղափոխել է գինի, ձիթայուղ, խոզապուխտ և այլ մթերք:
Մադրիդի քաղաքապետ Անա Բոտելա Սերանոն ճանապարհորդությունն անվանել է «21-րդ դարի «Մետաքսի ճանապարհ»»:










