Եթե դոլարի աճի միտումը շարունակվի, «Գազպրոմ Արմենիա»-ն կդիմի ՀԾԿԳ՝ սակագնի վերանայման հարցով. Շ. Սարդարյան
Եթե շարունակվի ՀՀ դրամի անկումը դոլարի նկատմամբ, ապա «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը, իր իրավասության շրջանակներում, իր իրականացված մոնիտորինգի արդյունքում կկայացնի որոշում՝ դիմելու Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով՝ սակագնի վերանայման հարցով:
Այս մասին Tert.am-ին հայտնեց « Գազպրոմ Արմենիա» ընկերության մամուլի խոսնակ Շուշան Սարդարյանը. «Ընկերության կողմից ամենօրյա մոնիտորինգ է իրականացվում իրավիճակի հետ կապված, և եթե առաջիկա ամիսներին պահպանվեն արտարժույթի փոխարժեքի աճի միտումները, և ընկերությունը շարունակի վնասներ կրել, ապա մոնիտորինգի արդյունքներին համապատասխան որոշում կկայացվի՝ դիմելու Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով՝ սակագնի վերանայման հետ կապված»:
«Գործող կարգի հիմքերով՝ ընկերությունն ունի իրավունք դիմելու կարգավորող մարմնին՝ սակագնի վերանայման հետ կապված՝ հաշվի առնելով նաև ԱՄՆ դոլարի նկատմամբ ՀՀ ազգային արժույթի՝ դրամի տատանումները»,-հավելեց Շուշան Սարդարյանը:
Հիշեցնենք, որ նա ավելի վաղ ասել էր, որ այս պահին գազի սակագինը սահմանին նույնն է՝ 189 ԱՄՆ դոլար 1000 խորանարդ մետրի դիմաց:
Հիշեցնենք, որ բնական գազի ներկայում գործող սակագնի հաշվարկի հիմքում 1 դոլարը 416,5 ՀՀ դրամ փոխարժեքն է:










