Ռուս օլիգարխ Բերեզովսկին Միացյալ Թագավորությանը պարտք է եղել 46 մլն ֆունտ ստերլինգ
Բրիտանական գանձարանը «նախկին ռուս օլիգարխ» Բորիս Բերեզովսկուց, ով մահացել է 2013թ. մարտին, չի ստացել 46 մլն ֆունտ ստերլինգ։ Այդ մասին հայտնի է դարձել երկուշաբթի Լոնդոնի Բարձրագույն դատարանում լսումների ընթացքում, գրում է inopressa.ru՝ հղում անելով Financial Times-ին։
Մեծ Բրիտանիայի հարկային-մաքսային թագավորական ծառայության իրականացրած հաշվարկների մասին հայտնել է փաստաբան Սթիվեն Աթերտոնը՝ Grant Thornton աուդիտորական ընկերության ներկայացուցիչը։ Տվյալ ընկերությանը նախկինում հանձնարարված է եղել ժամանակավոր կառավարել Բերեզովսկու կարողությունը։
Financial Times թերթը հիշեցնում է Բերեզովսկու որոշ խոշոր ֆինանսական կորուստների մասին, որոնք նա ունեցել է մահից առաջ։ 2012-ին նա պարտվել է ռուս օլիգարխ Ռոման Աբրամովիչի դեմ դատական գործը (հայցի գումարը կազմել է 6.5 մլրդ դոլար, դատական ծախսերը՝ 85 մլն ֆունտ), այնուհետ ստիպված է եղել 100-200 մլն ֆունտ վճարել նախկին կնոջը։










