Տարիների ընթացքում սպառողն ավելի գրագետ է դարձել. Կարեն Չիլինգարյան

23:01 • 27.01.15

Tert.am-ի հետ զրույցում «Սպառողների խորհրդատվության կենտրոն» ՀԿ նախագահ Կարեն Չիլինգարյանը, խոսելով վաճառվող ապրանքների, հատկապես` կաթնամթերքի սխալ,  ապագայի ժամկետով մակնշումների մասին, ասաց, թե ի ուրախություն մեզ` մի քանի տարի առաջվա համամատ սպառողն ահագին գրագետ է:

 

«Հիմա խանութներ մտնելով` տեսնում եմ, որ նայում, ուսումնասիրում են, մակնշումը կարդում են, նոր են գնում:  Ցավոք` բոլորը չէ, որ այդպես են անում, բայց արդեն կարող ենք ասել, որ շատերն այդպես են վարվում»,-ասաց Կարեն Չիլինգարյանը՝ շարունակելով, թե դա արդեն զգաստացնում է արտադրողին, և խախտումներն այդքան շատ չեն, ինչքան կային 3-4 տարի առաջ:

 

«Սպառողների խորհրդատվության կենտրոնի» ղեկավարը կարծում է, որ առաջին հերթին՝ դրան պետք է հետևի Սննդի անվտանգության  պետական ծառայությունը, ստանդարտների ինստիտուտը,  սակայն նրանք այդքան էլ ուշադրություն չեն դարձնում: «Նախկինում գոնե մեզ հրավիրում էին, հանդիպում էինք, բայց այս վերջին երկու տարում ՍԱՊԾ-ն ընդհանրապես  նման բաներ չի անում»:
Չիլինգարյանը որպես օրինակ նաև նշեց, որ եթե նախկինում անորակ սննդի ոչնչացում էր լինում, ՀԿ-ներին հրավիրում էին:


«Իսկ հիմա զարմանում եմ, թե ինչու չեն հրավիրում. կա՛մ թերանում են, չեն անում, կա՛մ  էլ եթե անում են, ուրեմն չեն հրավիրում»,-ասաց Կարեն Չիլինգարյանը: