ԵԱՀԿ գործող նախագահը մտահոգություն է հայտնել հայ-ադրբեջանական սահմանին և շփման գծի երկայնքով լարման վերաբերյալ

21:02 • 27.01.15

ԵԱՀԿ նախագահ և Սերբիայի արտաքին գործերի նախարար Իվիցա Դաշիչը մտահոգություն է հայտնել հայ-ադրբեջանական սահմանին և շփման գծում տեղի ունեցած վերջին իրադարձությունների առնչությամբ: Այդ մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ԵԱՀԿ հասարակայնության հետ կապերի բաժինը:

 

«Կոչ եմ անում կողմերին` ապահովել հրադադարի ռեժիմի ամբողջական վերականգնում և ռազմական գործողությունների դադարեցումը՝ համաձայն 1994 թ. մայիսին ստորագրված համաձայնագրի», - ասել է Իվիցա Դաշիչը: Նա հավելել է. «Ես ցավում եմ բռնությունների դեպքերի մեծ քանակության հետևանքով կյանքերի կորստի համար և կոչ եմ անում կողմերին` ցուցաբերել պատասխանատվություն ու խուսափել քայլերից, որոնք կարող են հանգեցնել իրավիճակի հետագա առավել սրմանը»:

 

Իր ուղերձում ԵԱՀԿ նախագահը նշել է, որ ուղիղ կապը ոչ միայն նախագահների միջև, ինչպես նաև` այլ մակարդակների վրա, շարունակում է զբաղեցնել կենտրոնական տեղ հրադադարի լիարժեք վերականգման և ռազմական գործողությունների դադարեցման ամրապնդման գործում: Սոչիում, Նյուպորտում և Փարիզում  Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև 2014թ. տեղի ունեցած հանդիպումները դրական քայլեր էին դեպի ճիշտ ուղղություն: ԵԱՀԿ-ն շարունակում է աջակցել անմիջական կապի ստեղծմանը, սակայն երկու կողմերն իրենց հերթին պարտավոր են կիրառել հրադադարը` հրամանատարական վերին օղակնե րերից մինչև ստորին օղակները:

 

«Ես վերահաստատում եմ իմ աջակցությունն անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկին, ով պատասխանատու է ապահովել անմիջական շփումը և օգնել կողմերին մշակել ու իրականացնել անչափ անհրաժեշտ վստահության կառուցման միջոցներ: Ես նաեւ մեծապես աջակցում եմ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների  համատեղ ջանքերին` ամրապնդելու հրադադարի ռեժիմը և զարգացնելու բանակցությունների համար միասնական հիմք: Ես կոչ եմ անում կողմերին, որպեսզի լիարժեք օգտվեն ԵԱՀԿ գործիքներից և ձեռնարկեն զգալի քայլեր խաղաղության ու կայուն կարգավորման համար», - ընդգծել է Իվիցա Դաշիչը:

 

ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերն իր լիակատար աջակցությունն է հայտնել բյուրոյի նախագահի գրասենյակի հայտարարությանը և կոչ արել երկու կողմերին` կրկին վերականգնել քաղաքական գործընթացները, որոնք գլխավորում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները: