Պետք է հնարավորության դեպքում հակառակորդին առավելագույնս պատժել. Վ. Դևրիկյան
Երկրապահ կամավորական միության անդամ Վարդան Դևրիկյանի համոզմամբ` Հայկական բանակի նվազագույն փոխկապակցված խնդիրը պետք է լինի հնարավորինս քիչ կորուստներով պաշտպանական կետերը պահել, հաջորդ քայլը՝ հնարավորության դեպքում հակառակորդին առավելագույնս պատժել։
«Հակահումանիստական կլինի, թե ոչ, բայց հայտնի խոսք կա՝ շունը փայտի լեզուն է հասկանում։ Ադրբեջանը այս իրավիճակի մեջ է, և ոչ համամարդկային ձևերով, ոչ քարոզչական ձևերով նրա վրա չի կարելի ազդել»,-Tert.am-ի հետ զրույցում ասաց նա։
Դևրիկյանի խոսքով՝ դիվանագիտական կորպուսն իր գործը պետք է կատարի, քարոզչականն՝ իրենը՝ անկախ զինված ուժերի աշխատանքից։ «Այսօր դիվանագիտության մեջ կամ քարոզչության բնագավառում շոշափելի ազդեցություն չունենք ո´չ թե այն պատճառով, որ դիվանագիտությունը վատ է աշխատում,այլ որովհետև Արևմուտքը , ինչպես ամբողջ աշխարհը, առաջնորդվում է իրենց շահով, որն իրենց հնարավորություն չի տալիս որևէ քայլ կատարել»,-ասաց նա։
Նա դեմ է նաև այն հայտարարություններին, որ Հայաստանը պետք է հրաժարվի ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափից։ «Նման հայտարարությունները համընկնում են Ադրբեջանի շահին, չպետք է դադարեցնել բանակցությունները»,-նշեց նա։










