Արգենտինայի հայ համայնքը խնդրագիր է կազմել Ցեղասպանության 100-րդ տարելիցը վարկաբեկող թուրքական հեռուստասերիալի հեռարձակումը դադարեցնելու պահանջով

21:45 • 27.01.15

Արգենտինայի հայ համայնքը ստորագրություններ է հավաքում` դիմելու Canal 13 հեռուստաալիքին` 2015-ի հունվարի 5-ից հեռարձակվող «Հազար ու մի գիշեր» թուրքական հեռուստասերիալի ցուցադրությունը դադարեցնելու խնդրանքով:


Ինչպես հայտնում է  El Liberal իսպանական աղբյուրը` հայ համայնքը ափսոսանք է հայտնում, որ Արգենտինայում, ինչպես նաև` Ուրուգվայում, թուրքական սերիալը, որը  նկարահանվել է 2006-ին, ցուցադրվում է «հենց այս տարի` 2015-ին, երբ հայ համայնքը նշելու է Թուրքիայի ձեռքով իրականացված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը, որին զոհ գնաց 1.500.000 հայ»:


Խնդրագիրն ուղղված է հեռուստաալիքի գեղարվեստական տնօրեն Ադրիան Սուարին և հեռարձակող կայանին` խնդրելով  հաշվի առնել, որ «հայ համայնքի համար ցավալի է այն, որ մի երկրում, որը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, ցուցադրվում է հեռուստասերիալը, որը թուրքական լոբբիի կողմից կատարվող քայլ է` ուղղված Ցեղասպանության 100-րդ տարելիցը վարկաբեկելուն»:

 

 

Արգենտինայի հայ համայնքը խնդրագիր է կազմել Ցեղասպանության 100-րդ տարելիցը վարկաբեկող թուրքական հեռուստասերիալի հեռարձակումը դադարեցնելու պահանջով