Արդարացված, նոր ռազմավարություն. քաղաքագետները կանխարգելիչ քայլերի դիմելու՝ ՀՀ Նախագահի ելույթի մասին
ՀՀ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանի` հայկական բանակի կազմավորման 23-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր նիստին արված հայտարարությունը, որ Հայաստանը մեր սահմաններին և շփման գծի երկայնքով ավելի մեծ և սպառնալից կուտակումների պարագայում իրեն վերապահում է կանխարգելիչ հարվածներ հասցնելու իրավունքը, քաղաքագետ Լևոն Շիրինյանը միանգամայն արդարացված է համարում:
Ավելին՝ նա կարծում է, որ նման հայտարարություն ավելի վաղ պետք է արվեր. նա գտնում է, որ Հայաստանն այս պայմաններում պետք է գնա կանխարգելիչ պատերազմի, քանի որ, նրա գնահատմամբ, խաղաղության մասին խոսելը հային դարերով ոչնչացրել է ու հիմա էլ շարունակում է ոչնչացնել:
«Հարմար պահի պետք է հարվածել, չսպասել, քանի որ մենք սպառվում ենք: Որ դա անհրաժեշտ է, միանշանակ է, որովհետև մեզ դա մաշում է: Թվում է, թե շատ բան չէ, բայց անընդհատ, անընդհատ, և երկրաչափական պրոգրեսիայով ագրեսիան մեծանում է: Նրանց նպատակը պարզ է՝ Հայաստանի ժողովրդի տեղահանությունն է. ճակատային գրոհով չեն կարող վերցնել, ի վիճակի չեն, բայց ինչքան կենսունակ բնակչությունը քիչ է մնում, իրենց դիրքերն ուժեղանում են, և ավտոմատ իրենք հաղթող են դառնում»,-նշեց քաղաքագետը:
Նրա ներկայացմամբ՝ ռազմական ուժի համաշխարհային պատմության մեջ կանխարգելիչ հարվածների ամենափայլուն օրինակը՝ 1943 թ. Կուրսկի ճակատամարտի շատ արդյունավետ կանխարգելիչ գործողություններն են:
Հիշեցնենք, որ երեկ ՀՀ գերագույն գլխավոր հրամանատարի ելույթում հնչած գնահատականները գնահատվեցին որպես կոշտ, առավել քան երբևէ, և դրանցից մեկն էլ վերը նշված կանխարգելիչ գործողությունների մասին հայտարարությունն էր:
Ըստ Լևոն Շիրինյանի՝ դա նշանակում է թշնամու ելման դիրքերին հարվածել, քանի դեռ նա չի սկսել գործողություններ՝ չթողնելով, որ նա իր հարձակման համար հարմար պահ ու վայր ընտրի:
Սա սկզբունքորեն նոր ռազմավարություն է, և Լևոն Շիրինյանը սպասում է, որ այժմ Զինված ուժերի գլխավոր շտաբը դա դարձնի պրակտիկ քաղաքականություն:
Նա ամբողջովին արդարացված է համարում Սերժ Սարգսյանի այն հայտարարությունը, որ իր սեղանին դրված է ինչպես խաղաղության, այնպես էլ պատերազմի սցենար:
«Եվ պրեվենտիվ պատերազմը ամենաարդյունավետ ճանապարհն է խաղաղություն հաստատելու համար, կամ գոնե չջախջախվելու, ինչ-որ մեր պատմության մեջ եղել է: Եվ նաև, թվում է, թե աշխարհը վատ կընդունի, բայց աշխարհը վատ է ընդունում թույլերին: Ով որ իրեն տղամարդավարի է դրսևորում, նաև ռազմի դաշտում, նրա դաշնակիցները շատանում են»,-ասաց նա՝ ամփոփելով, թե Հայաստանում խաղաղության մասին առհասարակ պետք է դադարեցնեն խոսելը: Մանավանդ, որ կարծում է, որ դա մեզնից ոչնչով կախված չէ:
«Ի վերջո, եթե հայրենիքը ձեռքից գնում է, ի՞նչ խաղաղություն»,-հարցրեց քաղաքագետը և հավելեց, որ կանխարգելիչ ռազմական քայլերին զուգընթաց պետք է երկրում իրականացվեն արտագաղթի կանգնեցման քայլեր:
«Եթե արտագաղթը կանգնեցվի, Ադրբեջանի բոլոր էդ գործողությունների իմաստը կկորի և խաղաղություն կլինի: Իսկ ինչքան կա արտագաղթ, նրանք դա անելու են»,-բանաձևեց քաղաքագետը:
Այստեղ քաղաքագետը ուշադրություն է հրավիրում ևս մեկ հանգամանքի վրա, որ նման դիվերսիաների ժամանակ Ադրբեջանը սպանում է իր բանակի ոչ թուրք հատվածին՝ թալիշներ, թաթեր, լեզգիներ, քրդեր:
ԱԺ պատգամավոր Թևան Պողոսյանը, պատասխանելով Tert.am-ի հարցերին, թե ի՞նչ այլ ուղերձ է պարունակում Սերժ Սարգսյանի ելույթը, ի՞նչ հետևանքներ է թողելու, ի՞նչ լսարանի է ուղղված, նկատեց, որ այն ավելի շատ ուղղված է արտաքին լսարանին և ասվում է նախկինի հետ համեմատած՝ պակաս դիվանագիտորեն:
«Այդ բառերի հասցեատերը և՛ Ադրբեջանն է, և՛ միջազգային հանրությունը, և ինձ թվում է ՝ վաղուցվանից նման ոճի ելույթ պետք է լիներ, որի ժամանակ բոլորի ուշադրությունը գալու էր նրան, որ Հայաստանը ձեռքերը ծալած չի նստելու և եթե տեսնի, որ իրեն վտանգ է սպառնում, ապա նաև պրեվենտիվ գործողությունների կգնա»,-ասաց Թևան Պողոսյանը:
Նա նկատեց, որ ակնհայտ է, որ հայկական կողմն այսօր որևէ շահ ու պատճառ չունի իրավիճակը առաջին գծում սրելու և իսկապես գիտակցում է, որ կարևորը հարցի ՝ բանակցային սեղանի շուրջ լուծումն է:
Սա, ըստ նրա, գիտակցում են բոլորը, ինչպես նաև այն, որ բոլոր սրացումները գալիս են ադրբեջանական կողմից:
«Եվ եթե միջազգային հանրությունը չի կարողանում այնպես անել, որ այս երկիրը խելքը գլուխը հավաքի, ապա դա ստիպված անելու է հայկական կողմը»,-ավելացրեց նա:
ԱԺ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանն էլ Tert.am-ի հետ զրույցում նույնպես նկատեց, որ Սերժ Սարգսյանի ելույթն ավելի շատ միջազգային հանրությանն էր ուղղված: Ավելի կոնկրետ՝ հարևաններին, տարածաշրջանային խաղացողներին:
Առաջին հերթին, որ Հայաստանը ձեռքերը ծալած չի նստելու և երկրորդ, որ «այլևս այնպես չի լինելու, ինչպես ցայսօր, երբ ուղղակի պատասխանում էինք Ադրբեջանին»:
«Բնականաբար, կանխարգելիչ հարվածների արդյունքում թշնամու զինված ուժերը մեծ կորուստներ են կրելու»,-ավելացրեց Էդմոն Մարուքյանը: Նրա ամփոփմամբ՝ այս հայտարարությամբ ստեղծվում է նոր իրավիճակ:










