ՌԴ-ի նկատմամբ էներգետիկ պատժամիջոցները Հայաստանին չեն սպառնում. տնտեսագետ
Եվրամիությունը, թերևս, ցանկացած ոլորտում կարող է Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների մասին խոսել և փորձել դրանք կիրառել, խիստ բացառությամբ էներգետիկ ոլորտի, քանի որ հենց այդ ոլորտում ԵՄ երկրները բավական լուրջ կախվածություն ունեն Ռուսաստանից:
Tert.am-ի հետ զրույցում այսպիսի տեսակետ հայտնեց տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը՝ անդրադառնալով թեմային, որ Եվրախորհրդարանը պատրաստվում է Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցներ կիրառելու հարցը, որն այս անգամ լինելու է էներգետիկ ոլորտում:
«Բումերանգի էֆեկտն այստեղ մեկ անգամ չէ, որ իրեն զգացնել է տալու: Սա չի նշանակում, որ Եվրամիությունը չպետք է որոնի այլ ճանապարհներ կամ չձեռնարկի այլ քայլեր՝ իր նպատակներին հասնելու համար, սակայն պետք է հասկանալ, թե էներգետիկ ոլորտում ինչպես կարող են պատժամիջոցներ կիրառել»,-ասաց Մանասերյանը:
Նրա խոսքով՝ էներգետիկան ոչ թե տնտեսական, այլ այն քաղաքատնտեսական կատեգորիա է, և այստեղ փոխկապակցված շատ գործոններ ու հանգամանքներ կան:
Թաթուլ Մանասերյանի բնութագրմամբ՝ ընդհանուր առմամբ նաև նկատվում է հակառակ միտումը. Եվրամիությունը վերջին օրերին մի քանի տարբեր առիթներով հանդես է եկել հայտարարություններով, պայմանները մեղմելու և Ռուսաստանի դեմ պատժամիջոցները վերացնելու: Այնպես որ, ըստ նրա, իրարամերժ միտումներ են նկատվում:
Տնտեսագետը ևս մեկ անգամ ընդգծեց, որ ցանկացած ոլորտում ԵՄ անդամ երկրները կարող են մտածել ինչ-որ պատժիչ մեխանիզմների մասին, բայց էներգետիկ ոլորտում հենց իրենք՝ ԵՄ անդամ երկրները գտնվում են բավական լուրջ կախվածության մեջ, մասնավորապես՝ ռուսական բնական գազից:
«Ես՝ որպես տնտեսագետ, չեմ տեսնում այն լուրջ մեխանիզմները, որոնք կարող են միակողմանի պատժամիջոցներով վնասներ հասցնել Ռուսաստանի տնտեսությանը»,-ասաց նա:
Իսկ Հայաստանի պարագայում, նույնիսկ եթե այդ պատժամիջոցներն իրականություն դառնան, Թաթուլ Մանասերյանը չի կարծում, որ մեզ դրանք կարող են սպառնալ: «Էներգետիկ ոլորտում մենք այլ երկրների հետ սրվող հարաբերություններում անգամ բացասական անդրադարձ չենք ունեցել»,- ընդգծեց Մանասերյանը:
Անդրադառնալով նավթի գնի շարունակական անկման թեմային՝ տնտեսագետն ասաց, թե պետք է նկատել, որ սա բնական գործընթաց է համաշխարհային տնտեսության մեջ. «Միշտ չէ, որ նավթը դարերով գոյություն է ունեցել որպես տնտեսության առանցքային գործոն, հետևաբար, բնական է, որ ամեն ինչ ունի իր սկիզբը և վերջը: Նավթի գերիշխող գործոն լինելու ժամանակաշրջանը, իմ համոզմամբ, մոտենում է ավարտին, և երկրները պետք է պատրաստ լինեն դրան»:
Թաթուլ Մանասերյանը նաև նշեց, որ թեև դժվար է կանխատեսում անել, բայց այն ռեկորդային գները, որ նավթն ունեցել է, այլևս չեն լինի: «Ե՛վ 2015-ին, և՛ 2016-ին, և՛ հետագա տարիներին նավթի գների անկումը և տատանումներն անխուսափելի են, ինչն իր անդրադարձը, բնականաբար, կունենա այլ ոլորտների վրա»,- եզրափակեց տնտեսագետը:










