Մեր մահվան պատճառը էդ սրիկան է. նման երկտող է հայտնաբերվել Նորքի 4-րդ զանգվածի հրդեհված բնակարանում
Նորքի 4-րդ զանգվածից այսօր՝ փետրվարի 9-ին հրդեհված բնակարանից հայտնաբերվել է երկտող, որում գրված է, որ «մեր մահվան պատճառը էդ սրիկան է»:
Այս մասին Tert.am-ին հայտնի դարձավ իր աղբյուրներից:
Նշենք, որ կայքերից մեկը հաղորդել էր, որ հրդեհված բնակարանից լուսադեմին հիվանդանոց է տեղափոխված 9-ամյա տղա, ով վիրահատվել է, իսկ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի Վերակենդանացման բաժանմունքի ղեկավար Գագիկ Մանուկյանն էլ հայտնել էր, որ մայրը երեխային ծեծել է, այնուհետև բենզինը լցրել վրան և այրել:
Մեր տեղեկություններով՝ ամենաշատ վնասվածքներ ստացել է ինքը՝ մայրը, և հավանաբար միայն նա չէ, որ ներգրավված է միջադեպում, քանի որ այդ տանը ինչ-որ դեպք նախկինում ևս եղել է:
ՀՀ քննչական կոմիտեի նախագահի մամուլի խոսնակ Սոնա Տռուզյանը Tert.am-ին հայտնեց, որ հարուցվել է Քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի առաջին մասով և 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով՝ ծանր մարմնական վնասվածքի պատճառում և գույքի ոչնչացում՝ հրկիզում:
Այս պահի դրությամբ դեռ չկան կասկածյալներ կամ ամբաստանյալներ:
Միջադեպի կապակցությամբ Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությունը
Մայր և որդի ծանր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են բժշկական կենտրոն. տանը՝ պատին, հայտնաբերվել է երկտող
2015 թվականի փետրվարի 9-ին՝ ժամը 05։20-ին, Գյուլիքևխյան փողոցի 23/1 շենքի թիվ 48 բնակարանում տեղի է ունեցել հրդեհ, որի հետևանքով նույն բնակարանի բնակչուհի, 1968 թվականին ծնված Աննա Բադալյանը՝ «ամբողջ մարմնի այրվածք 4-րդ աստիճանի» և վերջինիս անչափահաս, 9-ամյա որդին՝ «բաց գանգուղեղային վնասվածք և մարմնի տարբեր մասերի հատվածների այրվածք» ախտորոշումներով տեղափոխվել են բժշկական կենտրոն։
Ահազանգի հիման վրա անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական խումբը, կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում բնակարանից հայտնաբերվել և առգրավվել է բջջային հեռախոս։ Հյուրասենյակում հայտնաբերվել են արնանման հետքեր, իսկ բազմոցին կիպ պատի վրա՝ երկտողանի հայատառ գրառում՝«մեր մահվան պատճառը էդ սր-ն է» , որից վերցվել են պատի քերուկներ։
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի և 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով։
Կատարվում է նախաքննություն, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, բազմակողմանի հետազոտումն ապահովելու ուղղությամբ։










