Հայաստանում մամուլի ազատության առումով բավականին կայուն իրավիճակ է. Բորիս Նավասարդյան

14:02 • 12.02.15

Այն, որ Հայաստանը «Մամուլի ազատության ինդեքսում» պահպանել է իր  դիրքերը, օբյեկտիվ իրականություն է: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը:


Հիշեցնենք, որ «Լրագրողներ առանց սահմանների» միջազգային հասարակական կազմակերպության ամենամյա զեկույցում Հայաստանը զբաղեցրել է 78-րդ հորիզոնականը, նույնը և անցած տարի:


Բորիս Նավասարդյանը նշեց, որ չնայած որոշ անհանգստացնող երևույթների` հիմնականում խոսքի և լրատվամիջոցների ազատությունը, լրագրողների ազատ գործելու իրավունքը  նույնն է մնացել, ինչ նախկինում:


«Հայաստանում բավականին կայուն իրավիճակ է»,-ասաց նա և ներկայացրեց  2014 թվականին անհանգստացնող որոշ դրսևորումներ:


Ըստ նրա` դա առաջին հերթին որոշ լրագրողների նկատմամբ տեղեկատվության աղբյուրների բացահայտման պահանջն է: Բորիս Նավասարդյանին մտահոգում է նաև այն, որ բռնությունների և լրագրողների նկատմամբ վիրավորական պահվածքը տարբեր պաշտոնյաների, քաղաքական գործիչների կողմից դեռ շարունակվում է:


Երրորդ անհանգստությունը` թվայնացման գործընթացի ոչ հետևողական և կազմակերպված լինելն է, որոնք որոշակի վտանգներ սպառնալիքներ են պարունակում հետագա վիճակի առումով;
Իսկ ինչ վերաբերում է ընդհանրապես «Լրագրողներ առանց սահմանների» միջազգային ՀԿ-ի կողմից իրականացվող հետազոտությանը օբյեկտիվությանը, ապա նա ասաց, որ լուրջ դժգոհություններ ունի հետազոտության  մեթոդաբանությունից, քանի որ այն հնարավորություն չի տալիս օբյեկտիվորեն գնահատել տարբեր տարածաշրջանների երկրները:


Բորիս Նավասարդյանը նկատեց, որ ՀՀ  հեռուստատեսություններում կա բազմակարծությունը ապահովելու խնդիր, իսկ տպագիր մամուլում, թեև բազմակարծությունը տարածված է, սակայն կան լուրջ տնտեսական խնդիրներ: