Apple-ի մատակարարները 5-6 մլն հատ Apple Watch արտադրելու պատվեր են ստացել
Apple Inc.-ի մատակարարներն ընկերությունից 2015 թվականի առաջին եռամսյակում 5-6 միլիոն հատ Apple Watch սարք արտադրելու պատվեր են ստացել, գրում է interfax.ru-ն: Այդ մասին The Wall Street Journal-ին հայտնել են տեղեկացված աղբյուրները:
2014 թվականի սեպտեմբերին ներկայացված Apple-ի սարքը վաճառքի կհանվի ապրիլին:
Առաջին եռամսյակում պատվերների կեսը վերաբերում է հիմնական մոդելին՝ Apple Watch Sport-ին, մոտ մեկ երրորդը՝ միջին արժեքի մոդելին: Ամենաթանկ մոդելի` Apple Watch Edition-ի պատվերներն առաջին եռամսյակում բարձր չեն, սակայն ընկերությունը պատրաստվում է դրանց արտադրությունն ավելացնել արդեն երկրորդ եռամսյակում, նշել է աղբյուրներից մեկը:
Մասնագետներն Apple Watch-ի ամենաթանկ մոդելների բարձր պահանջարկ են ակնկալում Չինաստանում:
Հաղորդվում է, որ Apple Watch Sport-ի արժեքը կկազմի 349 դոլար, մնացած մոդելների գներն Apple-ը չի հայտնել:










