Գրախանութներում գիրք նվիրելու օրվա կապակցությամբ հերթեր են. Հրատարակիչների ասոցիացիայի նախագահ
Փետրվարի 19-ը՝ Հովհաննս Թումանյանի ծննդյան օրը, համարվում է գիրք նվիրելու օր: Այսօր մամուլի ասուլիսին տոնի մասին խոսեցին Խնկո-Ապոր անվան ազգային մանկական գրադարանի տնօրեն Ռուզան Տոնոյանը, «Էդիտ Պրինտ» հրատարակչության տնօրեն, Հրատարակիչների ազգային ասոցիացիայի նախագահ Մկրտիչ Կարապետյանը և «Զանգակ» հրատարակչության տնօրեն Էմին Մկրտչյանը:
Ռուզաննա Տոնոյանը հայտնեց, որ Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանը և Հրատարակիչների ազգային ասոցիացիան ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ 2015 թվականի փետրվարի 19-21-ը կազմակերպվում են մանկապատանեկան գրքի երևանյան տասնմեկերորդ տոնավաճառը: Նա նշեց, որ տոնավաճառին հրատարակիչները կներկայացնեն վերջին տարիների լավագույն հրատարակությունները:
«Տոնավաճառը նպատակ ունի ամրապնդել գիրք-ընթերցող կապը»,-ասաց նա:
Մկրտիչ Կարապետյանն էլ ասաց, որ այս տոնը մտել է հասարակության մեջ, և ցուցահանդեսի նկատմամբ հետաքրքրությունը մեծանում է. «Վերջին մի քանի տարում գրախանութներում այս օրերին նկատվում է մեծ հոսք և նույնիսկ ինձ ասացին, որ հերթեր են գոյանում»։
Էմին Մկրտչյանն ասաց, որ այս տոնի հանրայնացման գործում բոլորի դերը շատ կարևոր է և նշեց, որ իրենք ևս վերջին երեք տարում տոնի կապակցությամբ միջոցառումներ են կազմակերպել. այս տարի նախաձեռնել են «Ընծայագրիր գիրքը» միջոցառումը, որը նախատեսում է մեկ ամիս շարունակ ամենայուրօրինակ ընծայագրերի հեղինակներին նվիրել գիրք:
Անդրադառնալով ընթերցանության աճին՝ Էմին Մկրտչյանն ասաց. «Սպառման ծավալներով չպետք է գնահատվի ընթերցանությունը»:










