Գեղարոտում հնագետները մոտ 3,3 հազար տարվա երեք սրբավայր են հայտնաբերել

16:28 • 20.02.15

Միջազգային լրատվամիջոցներում լուրեր են տարածվել այն մասին, որ Հայաստանի Արագածոտնի մարզի Գեղարոտ ամրոցի մոտ հնագետները հայտնաբերել են մոտ 3,3 հազար տարվա վաղեմության երեք սրբավայր:


Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Ասպարեզ» պարբերականը, ժամանակին նման կառույցներն օգտագործվել են ապագան գուշակելու նպատակով:


Սրբավայրերից յուրաքանչյուրը կազմված է կավաշեն հիմքով մեկուսի սենյակից, ուր հայտնաբերվել են խեցեղեն անոթներ, կոտոշներով կուռքերի կավաշեն արձանիկներ, դրոշմակնիքներ, ծխարաններ ու կենդանիների բազմաթիվ ոսկորներ:


Սրբավայրը հայտնաբերած հնագետներից Ադամ Սմիթի և Ջեֆրի Լեոնի կարծիքով` ծիսական արարողությունների ժամանակ «գիտակցության փոխակերպման» հասնելու նպատակով ծեսն իրականացնողները որոշ իրեր են այրել և գինի օգտագործել:


Հայ-ամերիկյան համատեղ «Արագած» նախագծի շրջանակներում 1998թ.-ից հնագիտական պեղումներ են իրականացվում, մասնավորապես, Գեղարոտ և Ծաղկահովիտ գյուղերում:


Արշավախմբի  ղեկավար, Հնագիտության ինստիտուտի աշխատակից Ռուբեն Բադալյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում նշել է, որ տարբեր վարկածներ կան այն մասին, թե ինչ նշանակությամբ են կիրառվել սենյակները:


«Այս մասին մասնագիտական գրականություն հրատարակվել է դեռևս մի քանի տարի առաջ»,- ասաց նա` հավելելով, որ այս տարի նույնպես շարունակելու են պեղումները, որոնք սովորաբար սկսվում են հունիսի վերջին կամ հուլիսի սկզբին:
Վարկածներից մեկի համաձայն` Գեղարոտը նշված ժամանակաշրջանում տեղի վերնախավի համար մարգարեության կենտրոն է եղել:


«Արևելյան ամրոցի» սրբավայրում հայտնաբերվել են ալյուր ստանալու համար նախատեսված հարմարանքներ: Այստեղ, ինչպես կարծում են հնագետները, գուշակություններ են արել ալյուրի վրա: Այդ վայրում հաց թխելու համար նախատեսված մեծ վառարան չի եղել:


Սրբավայրերն օգտագործվել են մոտ 100 տարի` մինչև ամրոցի ավերումը: Ավերածությունից հետո այդ տեղը մոռացության է մատնվել:

Գեղարոտում հնագետները մոտ 3,3 հազար տարվա երեք սրբավայր են հայտնաբերել