Apple ընկերությունը Դանիայում կբացի աշխարհում տվյալների ամենախոշոր կենտրոններից մեկը
Ամերիկյան Apple ընկերությունը Դանիայում կբացի աշխարհում տվյալների ամենախոշոր կենտրոններից մեկը: Այդ մասին հայտնել է երկրի արտգործնախարարությունը, գրում է interfax.ru-ն:
Կենտրոնի էներգամատակարարումն ամբողջությամբ կիրականացվի վերականգնվող աղբյուրներից, իսկ տաքության ավելցուկը կփոխանցվի ջեռուցման տեղական ցանցին՝ այդկերպ կրճատելով բացասական հետևանքները շրջակա միջավայրի համար:
Տվյալների նոր կենտրոնը կկառուցվի Վիբորգ քաղաքում: Ներդրումների ծավալը կկազմի ավելի քան 850 միլիոն եվրո, իսկ կառուցումը կշարունակվի մոտ 10 տարի: Դա Դանիայում ամենախոշոր օտարերկրյա ներդրումային նախագիծն է:
Միաժամանակ տվյալների նման կենտրոն կստեղծվի Իռլանդիայում: Նախագծի ընդհանուր արժեքն ավելի քան 1 միլիարդ եվրո է, և դա Եվրոպայում Apple-ի ամենախոշոր ներդրումն է:
«Այդ նախագիծը լուրջ աջակցություն կլինի դանիական տնտեսությանը»,- ասել է առևտրի և զարգացման նախարար Մոգենս Էնսենը: «Այն հաստատում է, որ Դանիային հաջողվել է ճիշտ հավասարակշռություն գտնել կլիմայի խնդիրների նկատմամբ հատուկ էներգետիկ քաղաքականության և համաշխարհային չափանիշներին համապատասխան բիզնես միջավայրի միջև»,- հավելել է նա:










