Google-ը թողարկել է YouTube-ի նոր տարբերակը՝ միայն երեխաների համար (տեսանյութ)

12:16 • 24.02.15

Google ընկերությունը թողարկել է իր պատմության մեջ առաջին հավելվածը, որը մշակված է բացառապես երեխաների համար։ Խոսքը YouTube-ի հատուկ տարբերակի մասին է՝ YouTube Kids, որի նպատակն է խոշոր կայքի օգտագործումը հարմարավետ և անվտանգ դարձնելը, գրում է Вести-ն։

 

Հավելվածը տարբերվում է վառ և պարզ դիզայնով, մեծացված նկարներով և կոճակներով, որոնք կհեշտացնեն երեխաների համար ինքնուրույն օգտագործումը։ Ձայնային որոնման օգնությամբ նոր տեսանյութեր կկարողանան գտնել անգամ ամենափոքրերը։

 

YouTube Kids-ի պարունակությունը հատուկ է ընտրված, կան ինչպես զվարճալի, այնպես էլ ուսուցողական տեսանյութեր։ Հավելվածն ունի 4 բաժին՝ հեռուստաշոու, երաժշտություն, ուսուցում և հետազոտություն։ Ծնողները լայն հնարավորություն են ստանում կառավարելու երեխաների կողմից հավելվածի օգտագործումը՝ ժամանակային սահմանափակումներից մինչև տեսանյութերի հասանելիության սահմանափակում։

 

Թեև առայժմ անվճար ծրագիրը Google Play-ում և App Store-ում հասանելի է միայն ԱՄՆ-ի բնակիչների համար, Android տարբերակը դժվար չէ գտնել համացանցում Android Package (APK) ֆայլի տեսքով, վերբեռնել և տեղադրել։ Նրանում հասանելի է միայն անգլալեզու մասը։

 

 

Google-ը թողարկել է YouTube-ի նոր տարբերակը՝ միայն երեխաների համար (տեսանյութ)