Ռուսական ընկերությունն Ուկրաինայի անջատողականների խորհրդանիշներով լողազգեստների հավաքածու է ստեղծել
Մինչ նորաձևության աշխարհն իր ուշադրությունը սևեռել է Լոնդոնի նորաձևության շաբաթվա ուղղությամբ, ռուսական մի ընկերություն ոգեշնչում է գտել հարևան Ուկրաինայի արևելյան՝ պատերազմից տուժած շրջաններում, գրում է Newsweek-ը:
Մոսկվայում գործող Voenpro ընկերությունը 2015 թվականի լողազգեստների, զգեստների, շորտերի և անգամ մանկական հագուստի հավաքածու է ստեղծել, որը կրում է Ուկրաինայի Դոնբասի շրջանում պատերազմող, Կրեմլից աջակցություն ստացող անջատողականների խորհրդանշանները:
Ընկերության համաձայն՝ հավաքածուն նախատեսված է «խորհրդանշելու վերադարձը դեպի Դոնբասում սովորական, խաղաղ կյանք»՝ դրդելով պոտենցիալ հաճախորդներին «նվերներ անել, այլ ոչ պատերազմ»:
Դոնբասի անջատողականների գույներով ստեղծված հագուստի մի մասը նաև կրում է Ուկրաինայում հեղափոխությունից հետո Դոնբասի շրջանն անվանելու համար շրջանառվող «Նովոռոսիա» անունը:
Խանութը նաև գովազդում է «Սլավյանսկի և Օդեսայի ազատագրման» մեդալ՝ չնայած նրան, որ այս քաղաքներում չեն նկատվում ռուսամետ խռովություններ:
Ի սկզբանե ռուսական ռազմական հուշանվերների գծով մասնագիտացած ընկերությունն արդեն վաճառքում ունի Նովոռոսիայի խորհրդանիշներով այլ ապրանքներ, ներառյալ՝ դրոշներ և անջատողականների առաջնորդների դեմքերը պատկերող սառնարանի մագնիսներ, գրում է Newsweek-ը:










