Միջազգային նոր արշավը պայքարում է կանանց մեքենա վարել արգելող, բռնության ենթարկել թույլատրող և այլ օրենքների դեմ
Կանանց և աղջիկների հավասար իրավունքների և դրանց պաշտպանության համար պայքարող, 1992-ին հիմնադրված Equality Now կազմակերպությունը նոր արշավ է սկսել, որի շրջանակում քննադատության են արժանանում մի շարք բացահայտ խտրական օրենքներ, որոնք այժմ գործում են աշխարհի շուրջ 44 երկրներում, գրում է Daily Mail-ը:
Կազմակերպության լոնդոնյան գրասենյակից Ջեքի Հանթը Marie Claire ամսագրին ասել է, որ աշխարհի մի շարք անկյուններում կանայք և աղջիկները զրկված են մի շարք քաղաքական, տնտեսական և սոցիալական իրավունքներից և ապրում են անբարենպաստ պայմաններում միայն այն պատճառով, որ կին են:
Աղբյուրը ներկայացնում է մի քանի օրենքներ, որոնց դեմ ուղղված է նոր արշավը.
Ռուսաստանում կանանց արգելել են գնացք, բեռնատար մեքենա կամ տրակտոր վարել՝ պատճառաբանելով, որ դա վտանգավոր է նրանց առողջության համար:
Բահամներում ամուսինն իրավունք ունի բռնաբարելու իր կնոջը, այն քրեորեն պատժելի է միայն այն ժամանակ, եթե կինը 14 տարեկանից փոքր է:
Պակիստանում քաղաքացիական դատարանում կանանց տված վկայությունները հավասար են տղամարդու տված մեկ վկայության կեսին:
Հրեական օրենքի համաձայն՝ կանայք իրավունք չունեն ապահարզան պահանջելու, դա անելու իրավունք ունի միայն տղամարդը:
Մեծ Բրիտանիայում կանայք չեն կարող ծառայել թագավորական ռազմածովային ուժերում:
Նիգերիայում կնոջը ծեծի ենթարկելը համարվում է օրինական, և անպատժելի է, եթե ծեծի ենթարկողը կնոջ ամուսինն է:
Աֆղանստանում կանայք չեն կարող տնից դուրս գալ առանց ամուսինների թույլտվության:
Մալթայում տղամարդը պատասխանատվության չի ենթարկվում, եթե նա առևանգի, բռնաբարի և ծեծի ենթարկի կնոջը, ապա վերջում ամուսնանա նրա հետ:
Սաուդյան Արաբիայում կանանց արգելված է մեքենա վարել: Մադագասկարում կանայք իրավունք չունեն աշխատել գիշերային ժամերին:












