Հայաստանի համար ավելի անհրաժեշտ է բիզնեսը, քան քաղաքական գործունեությունը. Գալուստ Սահակյան
Ազգային ժողովում լրագրողները ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանից հետաքրքրվեցին, թե ինչպես է, որ բիզնեսը պետք է տարանջատեն քաղաքականությունից հայտարարությունը միայն ԲՀԿ ղեկավարին է վերաբերվում և օրինակ՝ չի վերաբերում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին:
Ինչպես Հովիկ Աբրահամյանը, այնպես էլ ԱԺ նախագահը պնդեց, որ վարչապետը բիզնես չունի:
«Հովիկ Աբրահամյանը բիզնես չունի, նա մինչև կեսգիշեր աշխատում է: Պետական պաշտոնյան բիզնեսով չպիտի չզբաղվի»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանին, ապա նա միանշանակ կարծում է, որ Ծառուկյանը կարող է զբաղվել և քաղաքականությամբ, և բիզնեսով, սակայն, ի վերջո, պետք է մեկն ընտրի: «Իմ կարծիքով՝ Հայաստանի համար ավելի անհրաժեշտ է բիզնեսը, քան քաղաքական գործունեությունը, քաղաքական գործունեությամբ պետք է զբաղվեն պրոֆեսիոնալները, որոնք տարիներ շարունակ անցել են փորձությունների ճանապարհով, ունեցել են կտտանքներ, վերելքներ և վայրէջքներ»,- ասաց նա:










