Ընդդիմությունը թող չտրտնջա. Գալուստ Սահակյանը՝ Լևոն Զուրաբյանին (տեսանյութ)
ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը Հեռուստատեսության և ազգային ռադիոյի հանձնաժողովի նախորդ տարվա գործունեության մասին քննարկման ժամանակ հիմնական զեկուցող, հանձնաժողովի նախագահ Գագիկ Բունիաթյանին դժգոհեց հեռուստահաճախականությունների քանակի սահմանափակ լինելուց:
«Ի՞նչն է խանգարում, որ 4-րդ անալոգային հաճախականությունն էլ թվայնացնեք, ինչը հնարավորություն կտա ևս 6 թվային հաճախականություն ունենալ, ինչն էլ իր հերթին կլուծի Հայաստանում բազմակարծության ապահովման խնդիրը, բոլոր հայտերը դրանով կբավարարվեն: Մրցութային սահմանափակումների կարիք չի լինի, որովհետև այդ մրցույթները դարձել են քաղաքական գործիք՝ սահմանափակելու այլ քաղաքական ուժերի հնարավորությունները՝ երևալ եթերում»,-ասաց նա և նշեց, թե օրինակ՝ ՀՀԿ-ի հետ ասոցացվում է մոտ 15 ալիք, ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն ու ՕԵԿ-ը՝ մեկական ալիքներ:
«Միայն ՀԱԿ-ն ու «Ժառանգությունն» են դուրս մնում: Մենք էլ ենք ցանկանում ազատորեն հասանելի լինել մեր հանրությանը, և ոչ թե ստիպված լինենք հանրահավաքների միջոցով ճշմարտությունը հասցնել ժողովրդին: Հանրահավաքն էլ նույնիսկ չենք կարողանում իրազեկել լրատվամիջոցներով», - ասաց Լևոն Զուրաբյանը:
Գագիկ Բունիաթյանը հստակեցրեց, թե հարցի հասցեատերը Տրանսպորտի և կապի նախարարությունն է: Ինչ վերաբերում է հեռուստաընկերությունների քաղաքականացված լինելուն, ապա նշեց, որ նման բան չկա:
Զուրաբյանը պնդեց, թե այդ ՀԸ-ները ասոցացված են այդ քաղաքական ուժերի հետ և հանրահավաքի մասին պետք է թույլ տան իրազեկում անել:
ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն արձագանքեց. «Եթե այդ հանրահավաքի կազմակերպչական հարցերով պիտի օգնեն ձեզ, դա եք ուզում, մենք էլ օգնենք: Տպավորություն է, որ բոլոր ՀԸ-ն իրենց ռեյտինգը բարձրացնելու համար թիրախ են դարձրել քաղաքական մեծամասնությանը, այնպես որ թող ընդդիմությունը չտրտնջա»:










