Google-ը 2 տարվա ընթացքում «թվային հմտություններ» կսովորեցնի 1 միլիոն եվրոպացու. Financial Times
Ամերիկյան Google կորպորացիան պատրաստվում է 2 տարվա ընթացքում «թվային հմտություններ» սովորեցնել 1 մլն եվրոպացու, գրում է gazeta.ru-ն՝ հղում անելով The Financial Times-ին:
Ինտերնետային հսկան փոփոխություններ է մտցնում իր եվրոպական բիզնեսում, որպեսզի հարմարվի տարածաշրջանում ավելի ու ավելի «ագրեսիվ» կարգավորող օրենքներին, ասված է հոդվածում:
Մասնավորապես, Google-ը միավորում է Եվրոպայում երկու ստորաբաժանումները:
Նոր բիզնեսի ղեկավարության համար պատասխանատու կլինի Մեթ Բրիթինը, ում նստավայրը կլինի Լոնդոնում: Ինչպես հայտարարել է Բրիթինը, միասնական կառուցվածքը թույլ կտա ընկերությանն ավելի լավ արձագանքել «տեղական պայմաններին և հնարավորություններին»:
Դրանից բացի, Google-ը կհայտարարի նոր նախաձեռնությունների մասին. հինգշաբթի օրը Բրիթինը Բրյուսելում կհայտնի, որ ինտերնետային հսկան պարտավորվում է երկու տարվա ընթացքում 1 միլիոն եվրոպացու սովորեցնել «թվային հմտություններ»: Ընկերության ներկայացուցիչը նաև կտեղեկացնի, որ Google-ն աջակցում է «միասնական թվային շուկայի» ստեղծման պլաններին:
Բրիթինի խոսքով՝ փոփոխությունները նաև մրցակցային ճնշման պատասխանն են: Google-ի ներկայացուցիչը հայտարարել է թերթին, որ վերջերս նա շփվել է հրատարակիչների հետ և նշել է, որ նրանցից շատերն այցելությունների հիմնական հատվածը ստանում են Facebook-ից կամ Twitter-ից, բայց ոչ Google-ից:










