Կառավարությունը մերժեց ՀԱԿ խմբակցության ներկայացրած օրենքի նախագիծը
Այսօր ՀՀ կառավարությունը մերժեց Ազգային ժողովի պատգամավորներ Արամ Մանուկյանի, Ստեփան Դեմիրճյանի, Լյուդմիլա Սարգսյանի և Լևոն Զուրաբյանի՝ օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձան-ների և պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը:
ՀՀ օրենքի նախագծով առաջարկվում է հուշարձանների պետական ցուցակների, պահպանական գոտիների նախագծերի, հուշարձանների հաշվառման, ուսումնասիրման, պահպանության, օգտագործման, ամրակայման, նորոգման, վերականգնման կարգերի հաստատման, ինչպես նաև հանրապետական նշանակության հուշարձանների տեղափոխման և փոփոխման թույլտվության տրամադրման իրավունքը վերապահել ՀՀ Ազգային ժողովին:
ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը ներկայացրեց կառավարության եզրակացությունը նախագծի վերաբերյալ:
«Հարցի հետ կապված ուսումնասիրել ենք տարբերի երկրների առաջավոր փորձը ՝ Ֆրանսիա, Ռուսաստանի Դաշնություն, Ղազախստան, Գերմանիա, Լեհաստան, Լատվիա, Ուկրաինա: Նշված պետություններում հիշյալ գործառույթների իրականացումը վերապահված է հանրապետական գործադիր իշխանությանը` կառավարությանը կամ պետական կառավարման տարածքային մարմիններին»,-ասաց նախարարը:
Բացի այդ նա նշեց, որ այդ հոդվածի դրույթները սահմանում են, որ հուշարձանների պետական հաշվառումն իրականացնում է լիազորված մարմինը` սույն օրենքով և Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
Ի դեպ` Հասմիկ Պողոսյանն ասաց, որ ՀՀ կառավարության 2015 թվականի գերակա խնդիրների և միջոցառումների ծրագրում ընդգրկված է «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը, ըստ որի օրենքը շարադրվում է նոր խմբագրությամբ:
Այսպիսով` այն նպատակ ունի ամբողջությամբ կանոնակարգելու բնագավառի իրավական դաշտը, սահմանելու պատմամշակութային անշարժ ժառանգությանը վերաբերող հասկացությունները, հուշարձանների հաշվառման, ուսումնասիրման, պահպանության, օգտագործման, ամրակայման, նորոգման, վերականգնման բնագավառի սուբյեկտների լիազորությունները և պարտականությունները, հնագիտական հետազոտությունների իրականացման գործընթացը, հուշարձանին վնաս պատճառելու դեպքում հնարավոր փոխհատուցելու սկզբունքները և այլն:
Նախագծով նախատեսվում է ներդնել բնագավառում առկա խնդիրների համապարփակ լուծման մեխանիզմներ:
«Օրենքը առաջիկայում պատրաստ կլինի, և կլինի ոչ միայն մասնագիտական քննարկում այլ նաև հանրային քննարկում, և այդ կապակցությամբ մենք նպատակահարմար չենք գտնում այս օրենքի նախագծի ընդունումը և հեղինակներին առաջարկում ենք դրան անդրադառնալ կառավարության փաթեթի քննարկման շրջանակներում»,-ասաց նա:










