Հարավային Կորեայում վերացրել են ամուսնական դավաճանության համար նախատեսված քրեական պատիժը
Հարավային Կորեայում վերացվել է ամուսնական դավաճանության համար նախատեսված քրեական պատիժը, գրում է lenta.ru-ն:
62 տարի գործած օրենքը հակասահմանադրական ճանաչելու օգտին քվեարկել է երկրի սահմանադրական դատարանի ինը դատավորներից յոթը:
«Ամուսնական դավաճանության համար քրեական պատիժը խախտում է անձնական կյանքին չմիջամտելու մարդու իրավունքը, ինչպես նաև սահմանափակում է ազատությունը սեռական զուգընկերոջ ընտրության հարցում»,- ասել է դատավորներից մեկը:
Նախկինում՝ համաձայն 1953 թվականից գործող օրենքի՝ ամուսնական դավաճանության համար հնարավոր էր մինչև երկու տարի ազատազրկում ստանալ: 1985 թվականից ի վեր, ինչպես հաղորդում է The Guardian-ը, դավաճանության համար դատապարտվել է ավելի քան 35 հազար մարդ:
Հարավային Կորեայում 1990 թվականից ի վեր բազմիցս քննարկվել է այդ օրենքը վերացնելու հնարավորությունը: 2008 թվականին երկրի սահմանադրական դատարանի ինը դատավորներից հինգը քվեարկել է այն ոչ սահմանադրական ճանաչելու օգտին, սակայն, օրենքն, այնուամենայնիվ, մնացել է ուժի մեջ:










