Մոսկվան ծիծաղելի ու անիրական է համարում հաշտության համար Կիևի պայմանները. Լավրով

13:09 • 26.02.15

Ռուսաստանի Դաշնության արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովը «ծիծաղելի» ու «անիրական» է համարել հաշտության համար Ուկրաինայի առաջարկած պայմանները:

 

«Առաջարկվում են մեծ հաշվով ծիծաղելի պահանջներ, որոնք ամբողջությամբ աջակցում են Կիևի իշխանությունների տեսակետը: Դե իսկ Կիևի իշխանությունները, ինչպես գիտեք, հայտարարել են, որ կսկսեն ծանր զինտեխնիկայի հեռացումը միայն այն դեպքում, եթե գոնե 1-2 օր շարունակվի հրադադարն առանց որևէ կրակոցի: Մենք բոլորս էլ լավ գիտակցում ենք, որ կատարյալ հաշտություններ, կատարյալ հրադադարներ չեն լինում»,- մեջբերում է ria.ru-ն ՌԴ արտգործնախարարի խոսքերը:

 

Պաշտոնյան հավելել է, որ Գերմանիայի արտգործնախարարը ևս համակարծիք է այն տեսակետի հետ, որ քանի դեռ ծանր զինտեխնիկան չի հեռացվել, միջադեպերի վտանգը շատ ավելի մեծ է:

 

Աղբյուրը հիշեցնում է, որ «նորմանդական քառյակի» մինսկյան բանակցությունների արդյունքում Ռուսաստանի, Ուկրաինայի, Ֆրանսիայի ու Գերմանիայի ղեկավարները որոշել են փետրվարի 15-ից Դոնբասում հրադադար սկսել, հեռացնել ծանր զինտեխնիկան ու անվտանգ գոտի ստեղծել: