Վաշինգտոնում մարիխուանան մասամբ օրինականացվել է
ԱՄՆ մայրաքաղաքում՝ Վաշինգտոնում, թույլ են տվել փոքր քանակությամբ մարիխուանա պահել, գրում է lenta.ru-ն:
Այժմ հանգստի նպատակով, այսինքն՝ հաճույք ստանալու և նորմալ ինքնազգացողությունը վերականգնելու համար մարիխուանա օգտագործող մարդկանց այլևս չի սպառնում քրեական հետապնդում:
Վաշինգտոնում մարիխուանայի մասամբ օրինականացումը ենթադրում է, որ 21 տարեկանից բարձր բնակիչներն ու զբոսաշրջիկները կարող են մինչև 56 գրամ թմրանյութ պահել, ինչպես նաև տանն աճեցնել ոչ մեծ քանակությամբ մարիխուանա: Ընդ որում՝ թմրանյութի գնումը, ինչպես նաև դրա վաճառքը և ծխելը հանրային վայրերում շարունակում է արգելված լինել:
Ալյասկա, Կոլորադո և Վաշինգտոն նահանգներում ավելի վաղ նույնպես մասամբ օրինականացվել է մարիխուանան: Եվս 21 նահանգում արդեն թույլատրվում կամ նախատեսվում է թույլատրել այդ թմրանյութի օգտագործումը բժշկական նպատակներով:










