Գիտնականները հայտնաբերել են մարդկային ուղեղի զարգացման համար պատասխանատու գենը
Գերմանացի Մաքս Պլանկի անվան մոլեկուլյար բջջային կենսաբանության ու գենետիկայի ինստիտուտից հետազոտող գիտնականների խումբը հայտնաբերել է գենը, որը մարդու ուղեղը դարձնում է յուրահատուկ:
Ինչպես հաղորդում է Корреспондент-ը` Live Science-ին հղումով, ARHGAP11B գենը գտնվում է ուղեղի` մտավոր գործողությունների և լեզվի աշխատանքի համար պատասխանատու հատվածում:
Այս գենը բնորոշ է միայն Homo Sapiens-ին, նեանդերթալցիներին և դենիսովներին (անհետացած մարդկանց ենթադրյալ տեսակ, որի մասին տեղեկություններ են փոխանցվել ՌԴ-ի Ալթայի շրջանի դենիսյան քարանձավում հայտնաբերված նյութերից):
Ինչպես հայտնի է` զարգացման ընթացքում մարդու ուղեղը երեք անգամ մեծացել է ծավալով: Այն պարունակում է մոտ հարյուր մլն նեյրոն, որը կազմում է մարդու ծախսած էներգիայի մեկ հինգերորդ մասը: Մարդու ուղեղի զարգացման ամենաակտիվ շրջանը երկու մլն տարի առաջ է տեղի ունեցել, երբ մարդն սկսել է ուղիղ դիրքով քայլել:
Ուղեղի զարգացման գործում ARHGAP11B գենի գլխավոր դերակատարությունը գիտնականներն ապացուցել են փորձերով:










