Առնվազն քաղաքական դասալքություն է՝ տեղյակ լինել տնտեսության «ռեկորդներից» և չզբաղվել դրանցով. Արամ Մանուկյան
«Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը ԱԺ հայտարարությունների ժամին խոսեց ՀՀ տնտեսության վերջին «ռեկորդներից»:
«ՀՀ-ն Հարավային Կովկասում մեկ շնչին բաժին ընկնող համախառն ներքին արդյունքի չափով երրորդ տեղում է, մի քանի տարի առաջ երկրորդն էր: Հայաստանը երրորդ պատվավոր տեղում է Հարավային Կովկասում տնտեսական աճի տվյալներով, այնինչ 2012 թ-ին գտնվում էինք երկրորդ հորիզոնականում: Հայաստանն իր վերջին 500 մլն դոլար պարտատոմսերով նոր ռեկորդ սահմանեց՝ մեր պետական պարտքը կազմեց 4.5 մլրդ դոլար, որը մոտավորապես 52 տոկոս է: Այդպիսի թիվ մենք չենք ունեցել երբևէ»,-ասաց նա և ապա հավելեց, թե այժմ սեփականության ՀՆԱ-ի կեսից ավելին համարվում է պետական պարտք:
Արամ Մանուկյանի խոսքով, պետական պարտքն այնքան վնասակար չէ, եթե դրա մարման մեխանիզմները կան։
«Մեզանից ավելի շատ պետական պարտք ունեցող երկրներ կան, բայց ունեն մեխանիզմներ, իմունիտետ այդ խնդիրը լուծելու համար»,- ասաց նա:
ՀԱԿ պատգամավորը շարունակեց, թե 2015թ-ի միջազգային պահուստները սկսել են նորից կրճատվել:
«4 ամսվա մեջ ամիսը միջինը 100 մլն դոլար մեր պահուստները պակասել են, և գործընթացը շարունակվում է»,-ասաց նա:
Արամ Մանուկյանի խոսքով՝ նույն «ռեկորդները» սահմանվել են առևտրաշրջանառության մեջ, ներմուծումների մեջ, գործազրկության թվի մեջ և այլն:
«Հարգելի խորհրդարան, հարգելի ՀՀԿ, սրանք փաստեր են, պետական վիճակագրության թվերն են: Կա երկու մոտեցում` կամ չգիտեք այս մասին, բայց եթե չգիտեիք, ներկայացրեցի, կամ՝ գիտեք ու չեք զբաղվում սրանով, սա կործանում է, առնվազն քաղաքական դասալքություն է»,- եզրափակեց նա:










