Սիրիայում հունվար ամսից ի վեր ԻՊ-ին է միացել մոտ 400 երեխա
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը վերջին երեք ամիսների ընթացքում Սիրիայում իր շարքերն է անդամագրել 400 երեխայի և նրանց տվել է «ռազմական պատրաստություն և համապատասխան կոշտ դաստիարակություն, հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով մոնիթորինգային խմբին:
Մարդու իրավունքների սիրիական կենտրոնի տեղեկություններով՝ 18 տարեկանից ցածր երեխաներին ահաբեկիչներն իրենց շարքերն են ներգրավել դպրոցների, մզկիթների և հանրային վայրերի մոտակայքում, որտեղ «Իսլամական պետությունն» իրականացնում է տեղի բնակիչների սպանություններն ու պատիժները:
«Նրանք օգտագործում են երեխաներին, որովհետև հեշտ է նրանց ուղեղները լվանալ: Նրանք կարող են այս երեխաներից ստանալ ինչ որ ուզում են, նրանք այլևս թույլ չեն տալիս, որ երեխաները դպրոց գնան և փոխարենը ուղարկում են նրանց «Իսլամական պետության» դպրոցներ»,- ասել է մոնիթորինգային կենտրոնի ղեկավար Ռամի Աբդուլրահմանը:










