Ալպերում ավիավթարի հետևանքով զոհերի թվում կան նաև Ղազախստանի քաղաքացիներ
Ֆրանսիայի հարավում կործանված Airbus A-320 օդանավում Ղազախստանի երեք քաղաքացի է եղել: Այդ մասին չորեքշաբթի՝ մարտի 25-ին, հայտնել է Ղազախստանի արտգործնախարարը, գրում է lenta.ru-ն:
Նախնական տվյալներով՝ ավիավթարի հետևանքով մահացել են 1965 թվականին ծնված Երբոլ Իմանգալիևը, 1966 թվականին ծնված Այժան Իսենգալիևան և 1989 թվականին ծնված Ադիլյա Իմանգալիևան: Չհաստատված տեղեկություններով՝ ինքնաթիռում եղել է Ղազախստանի ևս մեկ քաղաքացի՝ Ելենա Բլեսը: Այդ տեղեկությունները ստուգվում են, նշել են երկրի ԱԳՆ-ում:
Ավելի վաղ ավիավթարի հետևանքով իրենց քաղաքացիների մահվան փաստն են հաստատել Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի, Իսպանիայի, Նիդեռլանդների, Ավստրալիայի, Արգենտինայի, Կոլումբիայի, Ճապոնիայի և Մեքսիկայի արտգործնախարարությունները:
Ուղևորների թվում է եղել նաև Դյուսելդորֆի օպերային թատրոնի մենակատար Օլեգ Բրիժակը:
Հիշեցնենք, որ Lufthansa ընկերության դուստր Germanwings ավիաընկերության Airbus A-320-ը, որը թռչում էր Բարսելոնայից Դյուսելդորֆ, կործանվել է Ֆրանսիայի հարավում մարտի 24-ի առավոտյան: Ինքնաթիռում գտնվել է 150 մարդ, նրանք բոլորը մահացել են: Ուղևորների մեծ մասը (67) եղել են Գերմանիայի քաղաքացիներ, և ենթադրաբար 45-ը՝ Իսպանիայի քաղաքացիներ:










