ՀՀ-ԵՄ հարաբերությունները ո՛չ թե ամրանում, այլ՝ թարմացվում են. Ռուբեն Մեհրաբյան

01:18 • 25.03.15

Հայաստան-ԵՄ կապերը ո՛չ թե ամրանում, այլ՝ թարմացվում են, իսկ այդ թարմացումները կբերե՞ն ամրացման, թե՞ ոչ՝ ժամանակը ցույց կտա: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը՝ խոսելով Հայաստան-ԵՄ հարաբերությունների մասին:

 

«Հեռանկարը ես տեսնում եմ, այլ հարց է, թե մենք կգնա՞նք այդ հեռանկարով, թե՞ ոչ»,-ասաց Ռուբեն Մեհրաբյանը՝ նշելով, որ ԵՄ-ի հետ հարաբերություններում «և՛,և՛»-ի տարբերակը կարող է գործել միայն հռետորաբանության հարթության վրա, ոչ ավելին:

 

«Հայ-ռուսական հարաբերությունները, որոնք ձևավորվել են ուղղահայաց բնույթի, մնում են գլխավոր սահմանափակող գործոնը մեր և Եվրամիության հարաբերություններում: Ներկայում դեռ ոչինչ չի փոխվել այդ հարաբերություններում»,-նշեց փորձագետը:

 

Հարցին, թե ՀՀ-ԵՄ հարաբերությունների թարմացումից ԵՏՄ-ի կողմից «խանդի» դրսևորումներ չե՞ն լինի, Ռուբեն Մեհրաբյանը պատասխանեց. «Խանդը մի քիչ էմոցիոնալ բնորոշում է, բայց, համենայն դեպս, հարցեր կառաջանան: Մյուս կողմից էլ՝ ի՞նչ է մնում անել Հայաստանին, որ ԵՏՄ անդամ ոչ մի երկրի հետ ընդհանուր սահման չունի և չի էլ ունենալու: Հետևաբար՝ Հայաստանը պետք է իր գլխի ճարը տեսնի այլ ուղղություններով, իսկ այդ ուղղությունները երկուսն են՝ դեպի արևմուտք և դեպի հարավ»: