Օլանդը, Մերկելն ու Իսպանիայի վարչապետը A320 օդանավի կործանման վայր կայցելեն

20:09 • 25.03.15

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը և Իսպանիայի կառավարության ղեկավար Մարիանո Ռախոյը չորեքշաբթի կժամանեն Ֆրանսիայի հարավում Airbus A320 ինքնաթիռի կործանման վայր, գրում է interfax.ru-ն:

 

Երեք ղեկավարների ժամանումը սպասվում է տեղի ժամանակով մոտ 14:00-ին:

 

Օլանդը, Մերկելը և Ռախոյը կայցելեն ավիավթարի շրջանից քիչ հեռու գտնվող Սեն-Լեզ-Ալպ քաղաքի ժամանակավոր մատուռ՝ ի հիշատակ զոհերի: Մատուռում բացվել է ցավակցությունների գիրք և դրված են երեք պետությունների դրոշները: Այս նույն քաղաքում է նաև տեղավորվել որոնողա-փրկարարական գործողության շտաբը: Երեք երկրների առաջնորդները կշփվեն նաև գործողության մասնակիցների հետ:

 

Հիշեցնենք, որ երեկ ֆրանսիական Ալպերում կործանվել է German2ings ավիաընկերության ուղևորատար ինքնաթիռը, որը Բարսելոնայից ուղևորվում էր Դյուսելդորֆ: Ինքնաթիռում է եղել 144 ուղևոր և անձնակազմի վեց անդամ: