Bloomberg-ը տեղեկացել է, որ Օբաման հրաժարվել է հանդիպել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ

12:55 • 25.03.15

Սպիտակ տունն անտեսել է Վաշինգտոնում գտնվող ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Սթոլթենբերգի խնդրանքն ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ հանդիպման վերաբերյալ: Այդ մասին հայտնել է Bloomberg գործակալության սյունակագիր Ջոշ Ռոջինը՝ վկայակոչելով Դաշինքի ղեկավարությանը մոտ աղբյուրների:

 

ԱՄՆ ազգային անվտանգության խորհրդի պաշտոնական ներկայացուցիչ Բերնադետ Միհանը հրաժարվել է մեկնաբանել ստեղծված իրավիճակը՝ հայտարարելով, որ Սպիտակ տան պլաններում չկան հանդիպումներ, որոնց մասին պետք է հայտարարվի:

 

Ինչպես նշում է Ռոջինը, Օբամայի աշխատանքային գրաֆիկն այնքան էլ զբաղված չէ: Մասնավորապես՝ չորեքշաբթի օրը՝ մարտի 25-ին, նա կարճ ելույթ ունի բժշկական ապահովագրության հարցերով խորհրդատվությանը, իսկ հինգշաբթի ամերիկացի առաջնորդը պետք է հանդես գա Ալաբամայում տնտեսության խնդիրներին նվիրված ելույթով:

 

Հյուսիսատլանտյան դաշինքում ԱՄՆ նախկին մշտական ներկայացուցիչ Քուրթ Ուոլքերը կարծիք է հայտնել, որ Օբաման խախտել է իրեն նախորդած Ջորջ Բուշ-կրտսերի ավանդույթը, որի համաձայն ԱՄՆ նախագահը միշտ հանդիպել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ Վաշինգտոն նրա այցի դեպքում:

 

«Ես չեմ հավատում, որ Միացյալ Նահանգների նախագահը ժամանակ չի գտել ՆԱՏՕ-ի գործող գլխավոր քարտուղարի հետ հանդիպելու համար՝ հաշվի առնելով հանգամանքների լրջությունը և նրա պաշտոնի համաձայն պարտականությունները»,- նշել է Ուոլքերը: